ՍՄԲԱՏ․— (գնալով դեպի ձախ դուռը և վարագույրը բանալով) Բարապա′ն, ներս բեր պատգամավորին։
ԶԱՔԱՐԵ․— Քանի դեռ ուշ չէ, նորեն մտածեցեք, ձեր պատասխանը տալուց առաջ թող խոհեմությունն առաջնորդե ձեզ։
ՋԱԼԱԼ․— Խոհեմությունը մինչև այժմ չօգնեց մեզ, եղբայր, գործենք այժմ անխոհեմությամբ. գուցե այդպիսով բախտը ծիծաղի մեզ։
ՏԵՍԻԼ Գ
Առաջիններն և Աբու
ՋԱԼԱԼ․— (դառնալով Աբուին) Ի՞նչ է պահանջում ինձանից քո տերը։
ԱԲՈՒ․— Քո դուստր Ռուզանը իրեն կնության։
ՄԱՄՔԱՆ․— Թող պապանձվի այդ լեզուն...
ՆԵՐՍԵՀ․— (ձեռքը դեպի սուրը տանելով) Դժոխքն է խոսում այս։
(Աբուն դուրս է գնում):
ՆԵՐՍԵՀ․— (սուրը հանելով) Կեցցե՛ մեծ իշխանը, ահա իմ սուրը պատրաստ է նրան ծառայելու։
ԻՇԽԱՆՆԵՐ․— (բոլորը միասին վեր կենալով և սրերը հանելով) Կեցցե' մեծ իշխանը, ահա′ և մենք՝ պատրաստ նրա հրամանին։
ՋԱԼԱԼ․— Օ՛ն ուրեմն, հառա՜ջ, իշխաններ, հրամայեցեք բանալ բերդի դռները, թող մեր զորքերը հետևին մեզ իսկույն։ Եթե պիտի մեռնենք, ապա թող այդ լինի սուրը մեր ձեռին և կռվի դաշտի վրա։ Անարգ կյանքից ավելի՝ ազատ մահն է գովելի․ հաոա՜ջ, քաջերս։ (Բոլորը պատրաստվում են ելնելու):