Այս էջը հաստատված է


ՍՈՒՐԻԿ.— (հեգնական ժպիտով) Մի՞թե, ես այդ չգիտեի։ Ուրեմն գործդ հաջողեցրել ես։

ԱՍՊՐԱՄ.— Այնքան, որ կարող եմ ոսկիները ստանալ։
ՍՈՒՐԻԿ.— Այդ մեծ բան է։ Կնշանակե անձամբ խոսել ես Ռուզանի հետ։
ԱՍՊՐԱՄ.— Այո՛:
ՍՈՒՐԻԿ.— Ի՞նչ էիր խոսում։
ԱՍՊՐԱՄ.— Ինչ որ Պապաք իշխանը թելադրում է ինձ։
ՍՈՒՐԻԿ.— Օրինա՞կ:
ԱՍՊՐԱՄ.— Գովում էի շաարունակ Համտուն իշխանին՝ հիշելով նրա բարեմասնությունները,հռչակված անունը, նրա զորությունը, քաջատոհմությունը, հարստությունը, խելքը, գեղեցկությունը։ Պատմում էի առասպելներ Սյունյաց օրիորդների մասին, որոնք, իբր թե, խելագարվելու չափ սիրահարվել են Համտունին, բայց որոնց հպարտ իշխանը մերժել է սառնությամբ։ Ի վերջո հայտնեցին թե՝ Համտունը սիրում է միայն գեղեցիկ Ռուզանին, որից եթե մերժվի, անապատը պիտի քաշվի կուսակրոնություն ընդունելու։
ՍՈՒՐԻԿ.— Եվ ի՞նչ օգուտ այդ զրույցներից։
ԱՍՊՐԱՄ.— Նախ այն՝ որ Ռուզանն այսպիսով կընտելանա այն մտքին թե՝ Ներսեհից զատ կա և մի ուրիշ արժանավոր իշխան, որ հետամուտ է յուր սիրույն։ Երկրորդ՝ նա ինքն իրեն կսկսե համեմատություններ անել Ներսեհի և Համտունի մեջ և վերջինին ավելի գերազանց գտնելով՝ նրան էլ կընտրե փեսա։
ՍՈՒՐԻԿ.— Բայց չէ՞ որ մեծ իշխանը Ռուզանի ձեռքը Ներսեհին է խոստացել։
ԱՍՊՐԱՄ.— Այդ նշանակություն չունի։ Հենց որ Համտունն իմացավ, թե Ռուզանի սրտում բացվել է յուր համար մի փոքրիկ անկյուն, նա իսկույն փոխել կտա մեծ իշխանի որոշումը։
ՍՈՒՐԻԿ.— Բայց բացվե՞լ է այդ անկյունը։