Այս էջը հաստատված է

ՌՈԻԶԱՆ․— (ընդհատելով) Իսկ դրան հետևող կրկնապատիկ թշվառությո՞ւնը, իսկ թշնամու ահագին բանա՞կը։

ՆԵՐՍԵՀ․— Ես դրանց դեմ ոտքի կհանեմ բոլոր Արցախը․ գեղացիների բրերով միայն կջնջեմ այն բանակն, որ դու ահագին ես անվանում։ Չանցած մի քանի օր, և Ջոլայի զորքերը անհետացած կլինեն մեր սահմաններից։
ՌՈԻԶԱՆ.— Դու այդ չես կարող անել, սիրելի Ներսեհ։
ՆԵՐՍԵՀ..— Եթե դժոխքի կատաղիներն անգամ զինվեն իմ դեմ, ես չի պիտի հաղթահարվիմ։ Այս կուրծքի մեջ, ուր բաբախում է մի սիրտ քեզ սիրելու համար, սնանում է և մի առյուծ՝ քեզ պաշտպանելու համար։ Քանի դեռ շնչում եմ, քանի դեռ արյուն է վազում իմ երակներում, և քանի այս բազուկը կորովի է, ես թույլ չեմ տալ, որ բռնավորի պիղծ ձեռքերը մոտենան քեզ։ Բայց երբ ես անկարող կլինեմ քո անիրավ ճակատագիրը ջնջելու, երբ ես իմ քաջերով կընկնեմ պատերազմի դաշտում, այն ժամանակ, Ռուզան, ազգի փրկության սեղանի վրա դու կհանես քո ողջակեզը։ Ուրեմն դեռ այժմ մենք կերթանք գործելու։ (Շարժվում է դեպի առաջ):
ՌՈԻԶԱՆ.— (հրամայաբար) Ներսե՛հ։ (Ներսեհը կանգ է առնում, Ռուզանը շարունակում է մեղմով): Ներսեհ, իմ հոգվո անգին հատոր, գիտես, որ քեզ սիրում եմ. սիրում եմ իմ բոլոր հոգվով, իմ սրտի բոլոր կարողությամբ։ Մինչև այսօր դու էիր իմ մտածմունքը, դու էիր իմ հրճվանքը, դու էիր իմ սիրո և հիացման առարկան... օ՜, հիշում եմ ինչպե՜ս մեր անուշ զրույցների և զբոսանաց ժամերում՝ ինձ թվում էր, թե աշխարհն էլ չունի վշտեր, թե ցավերն ու չարիքները վերացել են երկրից։ Ինչպե՛ս ես քեզնով հպարտանում էի և քո ապագա կենակցությունն ինձ հետ՝ համարում բախտի մեծագույն մի շնորհ. զի հավատում էի՝ թե այդ միությամբ մեզ համար պիտի բացվի երջանկության այն աղբյո՛ւրն, որից հավասարապես պիտի օգտվենք թե՛ մենք, թե՛ մեր հարազատները և թե ժողովուրդը... Բայց ահա՛ աստված տնօրինեց այլ կերպ։ Նա փակեց մեր առաջ երանության դուռը և բացավ փորձության մի փշալից ճանապարհ, որով պիտի անցնենք։ Անցնենք, ուրեմն, առանց դժգոհության, զի ոչ ոք կարող է աստծո խորհուրդները քննել կամ գուշակել թե՝ այս ամենը չի իսկապես բարիք, որ նա ղրկել է մեզ վշտերի կերպարանքով... Խոնարհե՛նք նրա սուրբ կամքի առաջ և մեզ վիճակված դառն բաժակը քամենք կամակար։ Իրա՛վ, սա մեր սրտին կբերե տանջանք, բայց և ժողովրդին կտա փրկություն։ Ուրեմն և դու, սիրեցյալդ իմ, քաջացիր և կրիր քո բաժին զրկանքն և հենց այդ զրկանքում քո վարձը որոնիր, զի մեզնից ոչ ոք ունի իրավունք՝ Ժողովրդի ազատությունն յուր բախտին զոհելու։