ՌՈԻԶԱՆ.— Բռնավորի աչքերն ու միտքը կուրացնելու... Այժմ դու դեպի ամրոցն՝ ե՛ս դեպի զոհերը: (Առաջանում է):
ՇԱՆՈԻՅՇ.— (վերջին անգամ արգելելով) Տիրուհի՛...
ՌՈԻԶԱ՛Ն.— (ուժգին հրելով Շանույշին) Հեռո՜ւ, ասում եմ քեզ, համառ աղջիկ, (Վազում է դեպի բեմի խորքը):
ՇԱՆՈԻՇ.— (ընկնելով գետնին) Ա՜հ, ամեն բան վերջացավ...
Վարագույր
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Թաթարաց բանակը: (Տե՛ս երրորդ արարվածի տեսարանը):
Զորապետի խորանից քիչ հեռու կանգնած են մի շարք կապյալներ:
ՏԵՍԻԼ Ա
Ջոլա, Համտուն, Ա ծերունի, Բ ծերունի, պառավ կին, մի շարք կապյալներ, որոնք հեռանում են Բուրայի խորանից
ՋՈԼԱ.— (մոտենալով կապյալներին) Ինչի՞ համար եք հավաքվել, ի՞նչ էիք ուզում իմ եղբորորդուց։
Ա ԾԵՐՈԻՆԻ.— Գթություն, տե՛ր:
ՋՈԼԱ.— Գթություն ձե՞զ, մի՛ հուսար, ծերո՛ւկ։ Քանի ձեր իշխանը ամրացած է բերդում, դուք չեք ազատվիլ մահից։
Ա ԾԵՐՈԻՆԻ.— Բայց ի՞նչ հանցանք ունի խեղճ ժողովուրդը։
ՋՈԼԱ.— Ոչինչ։ Մեծերի համար ապրում է, մեծերի համար էլ պիտի մեռնի։
Ա. ԾԵՐՈԻՆԻ․— Բայց մի՞թե այդ արդարություն է։
ՋՈԼԱ.— Լռի՛ր, անպիտան․ համարձակվում ես իմ առաջարկության մասի՞ն խոսել. հո չե՞ս կամենում, որ գլուխդ շների առաջ ձգվի ա՜յս վայրկյանին։ (Հեռանում է):