Այս էջը հաստատված է

ՀԱՄՏՈԻՆ․— (խոսող ծերունուն) Ինչո՞ւ չես կապ դնում լեզվիդ, բարեկամ․ մի՞թե չգիտես, որ ձեռքերը կապված մարդը չպետք է լեզուն շարժե։

Ա ԾԵՐՈՒՆԻ․— Լեզուն, տեր իմ, սրտի գործիքն է և ոչ ձեռքերի։
ՀԱՄՏՈԻՆ․— Դու երևի սպասում ես, որ մի սուր ցցեն սիրտդ և հետո՞ լռես։
Բ ԾԵՐՈՒՆԻ․— Ուրեմն, տեր իմ, սա մի մեծ բախտ է, որ այստեղ, մեզ հետ գտնվում է մի հայ իշխան՝ ազատ ձեռքերով։
ՀԱՄՏՈՒՆ․— Ի՞նչ ես կամենում ասել։
Բ ԾԵՐՈՒՆԻ․— Այն, որ քո լեզուն կարող է խոսել։
ՀԱՄՏՈՒՆ․— Վե՞րջը։
Բ ԾԵՐՈՒՆԻ․— Գթա՛, ուրեմն, մեզ և բարեխոսիր մեր փրկության համար։
ՀԱՄՏՈԻՆ․— Ի՞նչ կարող եմ անել: Ես էլ այս բանակում մի գերի եմ ձեզ նման։
Բ ԾԵՐՈՒՆԻ․— Գերի՞, ո՜հ, ո՛չ. թաթարները մի գերիի հետ չեն վարվիլ այդպես սիրով։ Դու դեռ երիտասարդ ես և չես կարող դառն փորձերի մեջ ալևորածին խաբել։
ՀԱՄՏՈԻՆ․— (բարկությամբ) Խաբե՞լ և ինչի՞ համար, հանդուգն ծերունի։
ՄԻ ՊԱՌԱՎ․— Որովհետև ամաչում ես ասել թե՝ դու մի մատնիչ ես։
ՀԱՄՏՈԻՆ․— Քաշի՛ր լեզուդ, գարշելի պառավ, ապա թե ոչ սուրս կլռեցնե նրան։
ՊԱՌԱՎ․— Իսկ աստծո անեծքի ձայնը ինչո՞վ պիտի լռեցնես։
ՀԱՄՏՈԻՆ․— (սուրը քաշելով) Դու շարունակո՞ւմ ես։


ՏԵՍԻԼ Բ
Առաջիններն և Բուրա


ԲՈԻՐԱ․— (հեգնությամբ ժպտալով) Իշխան... դահճի պաշտոնը կամենում ես թեթևացնե՞լ։