Այս էջը հաստատված է


Ա ԾԵՐՈՒՆԻ․— (ծնկան վրա գալով) Գթություն, տե՛ր, մենք անմեղ ենք, այդ գիտես դու, գիտե և աստված։

Բ ԾԵՐՈՒՆԻ․— (ծնկան գալով) Խնայի՛ր մեզ, տե՛ր, դու ամենազոր ես, իսկ մենք՝ անպաշտպան։
ԲՈՒՐԱ․— (բարկությամբ) Լռեցե՛ք, թշվառականներ։ (Դահիճներին)։ Դահիճնե՛ր, ձեր գործը տեսեք։


ՏԵՍԻԼ Ե
Առաջիններ և Ռուզան


ՌՈՒԶԱՆ․— (շտապով և շնչասպառ բեմը մտնելով և ձեռքը դեպի դահիճները պարզելով ճչում է) Ա՛հ, ոչ, սպասեցեք… (Բոլորը ցնցվում են)։
ԲՈՒՐԱ․— (դահիճներին) Սպասեցե՛ք։
ՀԱՄՏՈՒՆ․— (առանձին) Ա՛հ, Ռուզանը․․․ բախտիս անիվը դարձավ․․․
Ա ԾԵՐՈՒՆԻ․— Իշխանուհի, Ռուզան, դու այստե՛ղ․․․
ԲՈՒՐԱ․— (զարմացած) Ռուզա՛ն․․․
ՋՈԼԱ․— (Համտունին՝ հետաքրքրությամբ) Ո՛վ է այս կինը։
ՀԱՄՏՈՒՆ․— (հուզված) Նա է․․․
ՋՈԼԱ․— Բայց ո՛վ։ (Հարցական հայացքով նայում է կես՝ Համտունին և կես՝ Ռուզանին)։
ՌՈՒԶԱՆ․— (առաջ գալով) Հասան-Ջալալի աղջիկ Ռուզանը։
ՋՈԼԱ․— (զարմացած) Հասան-Ջալալի աղջի՛կը․․․
ՌՈՒԶԱՆ․— Այո, նույն ինքը։ (Դառնալով Բուրային)։ Չարմաղան մեծ զորապետի որդի Բուրան դու լինելու ես, անշուշտ։
ԲՈՒՐԱ․— (համեստությամբ) Այո, քո բարեկամը։
ՌՈՒԶԱՆ․— Գուցե այս րոպեին, բայց ոչ առաջ։
ՋՈԼԱ․— (Համտունին) Այս կինը կախարդելու է եղբորորդուս։
ՌՈՒԶԱՆ․— (Բուրային) Դու պատգամավոր էիր ուղարկել հորս մոտ և պահանջել ինձ՝ քեզ կնության, հակառակ դեպքում պիտի կոտորեիր այս անմեղներին։