Այս էջը հաստատված է


ՎԵՐՋԱԲԱՆ


Տեսարանը ներկայացնում է մի կանաչազարդ հովիտ, ուր բանակած են թաթարները: Բեմի աջ կողմը Բուրայի իշխանական վրանն է՝ կազմված մի քանի բաժանմունքներից, որոնց առաջինը ներկայացնում է կանանոցը՝ զարդարված կերպասյա, փնջազարդ վարագույրներով: Վրանի մեջ դրված է զեղեցիկ զահավորակ՝ մետաքսյա օթոցով և թավշյա բարձերով: Նրա վրա կռթնած է Ռուզանը, առջևն ունենալով բոլորշի փղոսկրազարդ սեղանիկ, որի վրա դրված է արծաթյա հուրան՝ ոսկյա գավաթի հետ:


ՏԵՍԻԼ Ա
Բուրա և Ռուզան


ԲՈՒՐԱ.— Ո՛վ իմ գեղանի, բոլոր ցանկություններդ արդեն կատարվեցան. քո հորն ու ժողովրդյան ես տվի ազատություն և ատելի Համտունին պատժեցի չարաչար։ Այնուհետև ցանկացար, որ իմ զորքերը հանեմ քո հոր իշխանության սահմաններից, որպեսզի նրա երկրում տիրե ապահովություն. այս վերջին ցանկությունն էլ, ահա, կատարեցի։ Այժմ մենք հեռի ենք Խաչենի հովիտներից և քո հայրենական լեռների միայն կատարներն ենք տեսնում։ Արդ, հասել է ժամը, որ դու խոստումդ կատարելով՝ երջանկացնես ինձ։ Օ՛ն ուրեմն, վանի՛ր թախիծը քո դեմքից և լուսալիր աչերդ արցունքներից ազատիր։ Թո՛ղ հրճվանքի արևը սիրուն ճակատդ ոսկեզօծե և շուրթերիդ վրա՝ սիրո ժպիտը խաղա։ Թո՛ղ, որ ես մոտենամ քեզ. ո՛վ հավերժահարս, և սիրավառ կուրծքիս վրա այդ սիրուն գլուխդ հանգչեցնեմ։