ՌՈՒԶԱՆ.— (նվազաձայն) Որպեսզի թշնամու ձեռը չփարեր քո հարսնացուին...
ՋԱԼԱԼ.— Մի՞թե չգիտեիր, որ քո հայրը չէր թողիլ քեզ նրա ճանկերում:
ՌՈՒԶԱՆ.— Գիտեի․ բայց չուզեցի որ թշնամին ճանաչեր ինձ իբրև գործիք դավադրության.․. Կամեցա, որ աշխարհն իմանա թե` հայ աղջիկը կարող է զոհվել, բայց երբեք խաբել...
ՋԱԼԱԼ.— (լալագին) Ո՛վ իմ աննման զավակ...
ՈՒՄԵԿ.— (իշխաններին) Բայց ո՞վ մատակարարեց սրան թույնը։
ՌՈՒԶԱՆ.— Մի բարի հոգի...
ՍՄԲԱՏ.— Ահա՛ այս գավաթի մեջ է մեզ ամենքին հայտնի Թենիի մատանին։
ՆԵՐՍԵՀ.— (վեր թռչելով) Թենիի մատանի՞ն... (մոտենում է դիտելու):
ՋԱԼԱԼ.— (զարհուրագին) Թենիի մատանի՞ն... Օ՜, որդեսպան (Ռուզանին). ուրեմն այդ պառա՞վը մատակարարեց քեզ թույնը...
(Ամենը սարսափի բացականչություններ են անում):
ՌՈՒԶԱՆ.— Նա մի բարի գործ կատարեց. ների՛ր նրան, հայր իմ...
ՋԱԼԱԼ.— (զայրագին) Ներել նրան, օ՜, ոչ. միակ և առաջին արյունը, որ պիտի թափվի իմ ամրոցում կլինի այդ ժանտ պառավի արյունը...
ՌՈՒԶԱՆ.— (վերջին շնչում) Ների՛ր նրան, հայր իմ, քեզ խնդրում է զավակդ յուր վերջին շնչում...
ՋԱԼԱԼ.— Բայց նա...
ՌՈՒԶԱՆ.— (ընդհատելով) Այո՛, Թենին կին է, կնոջ միշտ պետք է ներել...
ՋԱԼԱԼ.— (արտասվագին) Իսկ դու, զավակս, դու արդեն թողնում ես մեզ...
ՌՈՒԶԱՆ.— (վերջին շնչում) Թողնում եմ... այո՛, բայց հանգիստ և ուրախ... հավիտյան ձեզ օրհնելով... մնացեք բարով, հայր իմ... և դու Ներսեհ... և դուք, իշխաններ... տարեք իմ ողջույնը տարաբախտ մորս... աղաչեցեք, որ ներե ինձ և աղոթե ինձ համար... (հետզհետե նվազելով՝ ընկնում է գահավորակի վրա):