արժանավորությունները, որոնցից միաբանության մյուս անդամները զուրկ են։
Հանգամանքների անարդար բերմամբ Սևանի անունը հռչակվել է իբրև աքսորատեղի, որովհետև պատժված հոգևորականներին երբեմն այդտեղ են ուղարկում ապաշխարելու։
Այս բանը քիչ չէ նպաստում, որ Սևանը չտեսնողները նրան երևակայեն իբրև մի դժոխք։ Սակայն մինչև այժմ արած մեր նկարագրից ընթերցողը կարող է համոզվել, որ նա արժանի չէ այդ անունը կրելու։
Սևանը ունի առողջարար օդ, քաղցր և բարեհամ ջուր, սիրուն, դալար, գեղեցիկ դիրք և գրավիչ տեսարաններ։— Մի անգամ արդեն բարձրանալ նրա բլրի գագաթի վրա, նայել նրան շրջապատող ալեծածան ծովակին, դիտել այդ կապուտակ դաշտը պարփակող մերկ կատար լեռները և այն լուռ, վեհատեսիլ հորիզոնը, որ մենավոր այցելուի միտքն ու երևակայությունը հափշտակելով՝ տանում, հասցնում է մինչև անցած, գնացած դարերը, մերթ արտասուք քամում նրա աչքերից, մերթ վեհ և սուրբ զգացմունքներով ոգևորում… միայն այդ արժե հազար հրապույր։
Իսկ լուսնկա գիշերով՝ նավակի մեջ նստած՝ այդ գեղածուփ ծովակի ծփանց վրա զբոսնել, կղզու ժայդապատ ափերը քերելով՝ մանր ու լուսավոր ալիքների վրա սլանալ, և դրա հետ միասին ընկերակցող երգչի տխուր ու գողտրիկ մեղեդին լսեր… այս բոլորը ոչ թե զվարճություն, այլ կատարյալ հիացումն է։
Խորհուրդ ենք տալիս ամեն մի լավ հայի՝ այցելել անշուշտ Սևանը, հայության այդ թանկագին հիշատակարանը… նամանավանդ հայ վարժապետներին, որոնք արձակուրդի մի քանի շաբաթները զվարճությամբ կարող են անցնել այդտեղ։ Սևանում կարելի է և լավ օդ ծծել, և կազդուրվել և հանգիստ պարապել։ Այդպես է անում ամեն տարի Նոր-Բայազետի հայոց դպրոցի ուսուցիչ, բարեշնորհ սարկավագ Ս. Փիլոյանցը, որի հետ Սևանում ծանոթացա։ Նրա համար ասում էին, որ հայ անդաստանի այն համեստ մշակներից մինն է, որոնք գործում են առանց աղմուկ հանելու և որպիսիների թիվը— դժբախտաբար, շատ քիչ է մեզանում։ Դրանց նման համեստ