Այս էջը հաստատված է

Թեպետ այդ առարկությունները կապ չունեն իմ դրամայի ներքին իմաստի հետ, այսուամենայնիվ, ես կամենում եմ շեղվել խնդրից մի փոքր՝ բացատրելու համար, թե ի՛նչպես պ. Լ. սխալ է հասկանում նույնիսկ պատմական ճշմարտությունը, որի անունով խոսում է։

Հայոց պատմական կյանքն ուսումնասիրողը պետք է ուսումնասիրե նաև այդ կյանքի մասին գրող մարդկանց հոգեբանությունը, որպեսզի ըստ այնմ կարողանա որոշել նրանց գրվածքի արժեքը։ Արդ, եթե Կիրակոսը իր նկարագրի մեջ Ջալալին դուրս է բերել մի ճգնավոր, մի՞թե այդ նշանակում է, թե իրոք նա ճգնավոր էր։ Իբրև եկեղեցու մի բարեպաշտ վարդապետ, Կիրակոսը, իր ժամանակակից հոգևորականների նման, մարդու ամենամեծ արժանիքը համարել է բարեպաշտությունը, ուստի այդ արժանիքն էլ հատկացրել է Ջալալին, կամենալով նրան ավելի «մեծ» ներկայացնել ընթերցողի աչքում։ Բայց Ջալալի, իրոք, պատերազմող լինելու վկայությունը հենց ինքն է տալիս իր պատմության մեջ, հիշելով թաթարների՝ այդ իշխանի հետ կապած հաշտության պայմանները, որոնցից մինն էր՝ «ամ ամի երթալ զկնի նոցա ի գործ պատերազմի»։ Եթե Ջալալը ճգնավորի մեկն էր, հապա ինչո՞ւ պիտի ունենար այնքան զորություն, որ դեռ թաթարներին էլ օգներ պատերազմի մեջ։ Բացի դրանից, հայտնի է, որ Ջալալը հաճախ գտնվում էր ճակատամարտերում իր մորեղբայրների՝ Զաքարեի և Իվանեի հետ, ինչպես էր Խուչախների կամ Կովկասայինների կռիվը և այլն։ Վերջապես ինքը Ջալալը երբեք չէ կամենում, որ իրան համարեն ճգնավոր։ Գանձասարի իր շինած եկեղեցու արձանագրության մեջ նա իրան անվանում է «Ինքնակալ բարձր և մեծ արցախական աշխարհի և թագավոր ի հոգնասահման նահանգի»: Նրա կին Մամքանը՝ Վաճառու եկեղեցու արձանագրության մեջ իրեն անվանում է «թագուհի ամուսին Ջալալ Դոլին և թոռն Բաղաց թագավորի»: Իսկ Ջալալի աղջիկ Մինախաթունը մի արձանագրության մեջ կոչում է իրան՝ «Դուստր ինքնակալ իշխանաց իշխան Ջալալայ» և այլն։

Այս մեծագոչ անվանումները, կարծեմ, բավական բնորոշում են Ջալալյաններին և ապացուցանում, որ նրանց