ընտանիքը շատ հեռու է եղել «ճգնավորի ընտանիք» լինելու կամ համարվելու մտքից։
Նույնիսկ Ջալալի մեծածախ եկեղեցի կառուցանելը չէ ապացուցանում նրա քաջությունից զուրկ լինելը․ նախ՝ այն պատճառով, որ նա եկեղեցին կառուցել է իր հոր Վախտանգ իշխանի ցանկության ու կտակի համաձայն, և երկրորդ` որ մեր թագավորներից և իշխաններից շատերը միշտ մի ձեռքում ունեցել են սուր և մյուսում՝ խաչ։ Դրանցից շատերն են վանքեր ու եկեղեցիներ կառուցել, և միևնույն ժամանակ, մեծամեծ պատերազմներ մղել թշնամիների դեմ։
Այս շեղումը խնդրից ես արի նրա համար, որ ցույց տամ թե պ. Լ․ քննական աչքով նայում նույնիսկ պատմական փաստերի վրա, ապա թե ոչ, սա, մինչև անգամ, ավելորդ էր․ որովհետև, ինչպես ասացի, ես պատմության չեմ գրել, այլ դրամա, որ, իհարկե, պատմություն չէ, այլ բանաստեղծություն։ Հետևապես, եթե Ջալալը, Ռուզանը, կամ դրանց շրջապատողները հերոսներ էլ չլինեին, ես դարձյալ իրավունք ունեի իմ դրամայի մեջ, իբրև դյուցազներգական (էպիկ) գրվածքի մեջ, ստեղծել նրանցից իմ ցանկացած մարզիկը, կամ նրանց գործունեությանը տալ այն գույնն ու հոգին, ինչ որ պահանջում էր իմ դրամայի գաղափարը։
Այս առիթով կարևոր եմ համարում առաջ բերել այստեղ ռուսաց գրականության փայլուն աստղերից մեկի՝ Բելինսկու կարծիքները պատմական դրամայի վերաբերմամբ։
Խոսելով «Московцкий наблюдатель»-ում տպված Կուկոլնիկի պատմական մի դրամայի վերաբերյալ Շեվիրյովի կրիտիկայի մասին և առաջ բերելով վերջինի այս խոսքերը՝ «Կարծեմ պատմությունն ինքն է ծրագրում թատերագրի ճանապարհը, ինքն է առաջ բերում գլխավոր դեպքերը, ինքն է կարգագրում գործողությունները», Բելինսկին բացականչում է՝ «Այս ի՞նչ է. չե՞ն խաբում ինձ իմ աչքերը… ի՞նչպես. ուրեմն ինքը պատմությո՞ւնն է տալիս արվեստագետին դրամատիկ գրվածքի ծրագիրը, իսկ իրան, բանաստեղծին, մնում է միայն չեղծանել (պատմությունը), հավատարիմ մնալ նրան և գուշակել որևէ բան, որ ծածկել է ժամանակը կամ տարեգրությունը… Այդպես ուրեմն, ես գրում եմ պատմական դրամա,