նա գրում է, դուք գրում եք, նրանք գրում են, և մենք բոլորս, որքան էլ շատվոր լինենք, ակամա գրում ենք միևնույն բանը։ Ո՞րտեղ է մնում ուրեմն քերթողի ազատությունը, նրա ոգևորությունը, նրա ստեղծագործությունը… Խոստովանում եմ, հրաշալի րեցեպտ է պատմական դրամաներ գրելու համար։ Զարմանում եմ թե ի՞նչպես Шевырев-ի այս հոդվածից հետո լույս չընկան մի քանի տասնյակ պատմական դրամաներ»։
Ապա ծաղրելով կրիտիկոսի երկարաբան առարկությունները այս նյութի նկատմամբ, Բելինսկին ավելացնում է․- «Իսկ մենք մեր կողմից այն կարծիքին ենք եղել միշտ, թե՝ բանաստեղծը չէ կարող և չպիտի լինի պատմության ստրուկը. որովհետև, թե՛ մեկ և թե մյուս դեպքում, նա կդառնար միայն արտագրող, ընդօրինակող և ոչ թե ստեղծագործող: Աչքը լույս այն բանաստեղծին, որի վեպի կամ դրամայի հերոսը բոլորովին նման պիտի լինի պատմության այն հերոսին, որին նա դուրս է բերել իր քերթվածում։ Այդ կարող է պատահել, բայց միայն այն դեպքում, երբ բանաստեղծը ինքնուրույն կերպով գուշակել է պատմական անձի որպիսին լինելը, երբ նրա երևակայությունը ազատորեն հարմարվել է իսկականին։ Բայց այդ էլ կլինի պատահմունք և ոչ թե հաշվով արած բան, հաջողություն և ոչ թե մտադրություն։ Բանաստեղծը կարդում է քրոնիկներ ու պատմություն, ստուգում է, համադրում է, ընտանենում է ընտրած ժամանակի և անձինքների հետ։ Ուսումնասիրելը անհրաժեշտ է նրան․ բայց այդ ուսումնասիրությունը չէ կազմում ստեղծագործության ակտը։ Բանաստեղծը պտրում է պատմական անձը, կանչում է նրան իր մոտ, բայց չէ տեսնում (որովհետև պատմության մեջ եղածը իր ցանկացածը չէ), մինչև որ նա (այդ ցանկացածը) ինքը չէ գալիս, անկոչ, անսպաս, բանաստեղծական սրբազան հափշտակության վայրկենին, գուցե, այն ժամանակ, երբ նա արդեն ձգել է և պատմությունը, և քրոնիկոնները… Միևնույնը պատահում է և քերթվածի ծրագրի, ընթացքի և նրա բոլոր հորինվածի հետ։
«Քերթողին պետք են միայն մի քանի վայրկյաններ հերոսի կյանքից, միայն մի քանի գծեր նրա ժամանակից: Նա