«Բազմավեպ»-ի ներկա տարվա հունվարի տետրում Լեոն շարունակելով «Ռուսահայ վիպագրություն» վերնագրով յուր քննադատականը, բավականաչափ հայհոյանքներ էլ ուղղել է իմ հասցեին։
Պարապ չգտնելով ժամանակին իմ դիտողությունն անել այդ առթիվ, այժմ եմ գալիս նույն պարտքը կատարելու, ընդունելով, որ ճշմարտությունը երբ էլ որ ասվի, կմնա ճշմարտություն։
Նախ՝ ես զարմանում եմ, որ «Բազմավեպ»-ի հարգարժան խմբագրությունը յուր հայտարարության մեջ՝ «արտաքին աշխատակիցներուն» ուղղված պայմանների շարքում «չենք մերժեր թղթակցություններ, եթե գրվին լրջորեն, առանց կուսակցական ոգվույն, առանց կրքերու մղումի» խոսքերը դնելուց հետո, այսուամենայնիվ տեղ է տվել Լեոյի՝ իմ նկատմամբ գրված հատվածին, որ ոչ միայն տոգորված է «կուսակցական ոգվով» ու «կրքերու մղմամբ», այլև ամփոփում է հայհոյանք, ստություն և զրպարտություն։ Եթե հարգելի խմբագրությունը դիտմամբ չէ արել այդ բացառությունը միայն Լեոյի համար, ապա նա կհաճի թույլ տալ և ինձ՝ ասել այդ առթիվ մի քանի խոսք, ընդունելով որ յուր թերթի միջոցով զրպարտվածը իրավունք ունի նույն թերթում արդարանալ։
Ընդունված չէ առհասարակ, որ հեղինակը հրապարակ գա յուր գործերը պաշտպանելու, երբ մատենախոսին մեկը քննադատում է նրանց։ Այդ համարվում է պատշաճից դեմ, այն պարզ պատճառով, որ ամենքը գիտեն թե՝ «Պառավն յուր թանին թթու չի ասիլ»։
Բայց երբ ինքն իրեն քննադատ ներկայացնողը՝ զուրկ լինելով ճշմարիտ քննադատին վայել թե՛ պատրաստությունից և թե՛ բարեխղճությունից, քննության առած նյութը դիտմամբ խեղաթյուրում, կամ հեղինակի անունն արատավորելու նպատակով՝ նրա երկերին հատկացնում է սուտ ու շինծու թերություններ, այդ դեպքում հեղինակն իրավունք ունի մի կողմ թողնելու համեստությունը և հրապարակ գալով՝ մերկացնելու քննադատի չարամտությունը։