Այդ իրավունքը ունիմ և ես, մանավանդ այն պատճառո՜վ, որ իմ երկերը 1880-ից սկսած մինչև այսօր տպվել են միայն պարբերական թերթերում ու հանդեսներում և լույս չեն տեսել առանձին գրքերով։ Հետևապես, եթե անբարեխիղճ քննադատը շինծու թերություններ էլ հատկացնե նրանց, այսօրվա ընթերցողը որ անծանոթ է անցյալին, պիտի հավատա նրան, ըստ որում անկարող է հին թերթերը քրքրելու և քննողի ասածներն անձամբ ստուգելու։
Այսուամենայնիվ, չընդունելով Լեոյին իբրև քննադատ, որպիսին լինելու նա ոչ կարողություն և ոչ էլ պատրաստություն ունի, այլև ուշադրության չառնելով իմ մասին տված նրա վկայությունները, թե' իբր ես անհայտ եմ ընթերցող հասարակությանը, թե վերջինս չէ ոգևորվել իմ պահպանողական ուղղությամբ և այլն և այլն, ըստ որում հայտնի է, որ Արծրունու հաջորդները «հասարակություն» անվանում են միայն նրանց, որոնք իրենց «հավատն» են դավանում և իրենց «կուռքին» երկրպագում, իսկ դրանցից դուրս հայություն չեն ճանաչում— ես, իհարկե, չեմ երկարիլ խոսքս այդ ուղղությամբ։ Բայց կարևոր համարելով ներկայացնել ընթերցողին Լեոյի արժանյաց կշռաչափը, առաջ եմ բերում նրա գրվածքից նախ` ցանկը այն հայհոյանքների, որ նա ուղղել է իմ հասցեին և երկրորդ այն սուտերն ու զրպարտությունները, որ հերյուրել է իմ երկերի նկատմամբ։ Այդքանով արդեն ուշիմ ընթերցողը կարող է բնորոշել նրան թե' իբրև մարդու և թե՚ իբրև քննադատի։
Իմ երկերին նվիրած երկու և կես փոքրիկ սյունակներում Լեոն ինձ անվանել է' «անհամբերող, հետադեմ, խավար հասկացողությունների տեր, ֆանատիկոս, աղանդավոր, սանձարձակ պարսավագրող, ուղղափառ հայրենասեր (ծաղր), ամբոխի ստոր կրքերը գրգռող, զրպարտող, առասպելարկու, տիրացու ազգասեր, մարդկանց միտքը թունավորող, պատմությունը կեղծող, հրեշավոր մեղադրող, կրքից կուրարած, անվանարկող և (վերջապես) գրականությունը պղծող…»։
Առաջ բերելով հայհոյանքների այս ցանկը, ինձ ուրիշ