Այս էջը հաստատված է

թե` իմ լեզուն «հարուստ է և ողորկ ինչպես հայերենի նմուշ», իսկ մնացյալը թե` ես գրաբարամոլ եմ, թե ես գործ եմ ածում «զի», «կարի», «առ քեզ» և այլև (որոնք, ի դեպ ասած, ամբողջ 64 երեսի մեջ գործ են դրված մի կամ երկու անգամ, այն էլ բառերի համաչափություն կազմելու և խոսքը դյուրալուր դարձնելու համար), իսկ թե ես գտնվում եմ Պեշիքթաշլյանի, Հեքիմյանի և նարպեյի «խիստ» ազդեցության տակ, կարող եմ ասել, որ դրանց թատերական գրվածքներից մի ամբողջ երես կարդացած չեմ լինիլ իմ կյանքում, որովհետև կարդալու բաներ չեն։ Այս բոլորի նկատմամբ ոչինչ չեմ գրում, նախ այն պատճառով, որ հոդվածս արդեն երկարեց և երկրորդ` որ «Ռուզանի» լեզուն ամենքի առաջն է, կարող են կարդալ և դատել։ Ես միայն կցանկանայի, որ մեր գրողներից շատերը նույնչափ բարեխղճաբար վարվեին հայ լեզվի հետ, որչափ ես եմ վարվում։ Այն ժամանակ գուցե պակասեին մեր միջից այնպիսի գրագետներ, որոնք հայ բառերով` գրում են ռուսերեն և որոնք, դժբախտաբար, մեծ թիվ են կազմում մեր մեջ։

Մնացած կետերի վերաբերմամբ ավելորդ եմ համարում խոսել, որովհետև դրանցից յուրաքանչյուրի հերքումը պարունակում է յուր մեջ։

Մուրացան