կամ յուր սիրելվույն համար վերջինը լինել։ Այս ավելի տխուր է, բայց անկարելի չէ։
4. Եվ որովհետև մահը չի մեռնում (որքան էլ ես չկամենայի հավատալ նրա գոյության), հետևապես ես վատ չեմ անում, որ գրում եմ հիշատակարանը։ Սա գուցե մի օր ավելորդ չի լինիլ իմ անձնավորությամբն հետաքրքրվողի համար․ գուցե և էլ որդիներ կունենամ, ով գիտե, և նրանց համար մի թանկագին հնություն կհամարվի իմ այս պարապո ժամերի զբաղմունքը։ Եթե ես այսօր կարողանայի մի այս տեսակ գրվածք ձեռք բերել իմ հոր մանկության, երիտասարդության և կամ հենց ոչ հեռավոր անցյալի մասին, դա ինձ համար մի անգին սեփականություն կլիներ։ Հենց այս տեսակետից էլ ներկա գործի վերև նայելով, ես ապարդյուն չեմ համարում նրա վրա վատնած ժամանակս։ Բայց որպեսզի սա մի փոքր կատարյալ լինի, ես կսկսեմ ամենից առաջ իմ համառոտ կենսագրություն, կպատմեմ իմ մանկության և պատանեկության ժամանակակից և նրանից հետ ունեցած տարիներիցս հիշողությանս մեջ մնացած հատուկտոր պատմությունները։ Իսկ այդ բոլորը վերջացնելուց և այս օրին հասնելուց ետ կգրեմ այն, ինչ որ իսկապես հիշատակարան է կրում։
5․ Ես ծնվել եմ Արցախ (Ղարաբաղ) նահանգը Շուշի քաղաքում, 1854 (հազար ութ հարյուր հիսունևչորս) թվականի դեկտեմբերի մեկին, և մկրտվել եմ նույն ամսու 8-ին։ Կնքահայրս եղել է Հովհաննես Օհանջանյան-Շխյանցն (մի երիտասարդ պարոն, ժամանակակից ջենտլմեն, որը այժմ կենդանի է և ապրում ու պարապում է Մարսելում կոմսիոներությամբ։ Ամուսնացած է մի գաղղիուհու հետ քաղաքական ամուսնությամբ), իսկ կնքող քահանան տեր-Հարությսւն Մելտոնյանց։ Ինչպես իմ ծննդյան վկայականից երևում է, իմ մկրտության անունը Ալեքսան է եղել և այդ անունը դրվել է անշուշտ իմ հորեղբոր Սարգսի կողմից (սա մի խելոք երիտասարդ էր և յուր ժամանակին զարգացած համարվողներից։ Ծառայում էր պետական պաշտոնների մեջ, և մեռավ թոքախտից։ Օտարազգի անուններին ըստ երևույթին սիրահար էր, ըստ որում՝ եղբոր անունն էլ Նիկոլա էր դնել տված)։ Բարեհաճ կարգադրություն։ Բայց իմ հանգուցյալ հայրը, որի