մասին յուր տեղը կխոսեմ, սուրբ Կրիտարիսի վանքի մոտ (Ամարա ավանում) ունեցած այգիից վերադառնալով, և իմ մեծապատվության աշխարհ եկած լինելը տեսնելով, հրամայում է փոխել իմ օտարազգի անունը և Գրիգոր կանչել (իմ հայրը պատմությունից, պարզ է որ, բավական անտեղյակ է եղել, որ կարծել է թե Գրիգորը հայի անուն է. ի հարկե լուսահոգի Չամչյանը կների նրան), որպիսի հրամանը իսկույն կատարվում Է։ Այդպիսով, ես դառնում եմ Գրիգոր Ալլահվերդյան տեր-Հավհաննեսյանց—բայց իհարկե դեռ մի փոքրիկ ծծկեր երեխա, որ ինչ եղած լիներ, ինչ կերպարանք, բնավորություն և այլ բարեմասնություններ ունեցած լինելը, հավաստիով չէր կարող պատմել կամ նկարագրել ձեզ։ Ուստի և դեռ կխոսեմ իմ ծնողների մասին։
Իմ ազգաբանության մասին ես շատ փոքր տեղեկություն ունիմ, ըստ որում ինքը պատկանում էր մի աննշան ծագումի։ Եվ հենց այդ է պատճառը, որ մեր ցեղը յուր անցյալից ոչինչ չունի գրավոր կամ ավանդությամբ ստացած։ Ո՛վ գիտե, գուցե և պատկանում էր հայոց իշխանական տոհմերից մինին, որը հալածանքների ժամանակ մաշվելով անհայտ ոչնչության է վերածվել. և կամ գուցե մի մելիքի կամ բեկի ձիապանի կամ խոհարարի ցեղին, չգիտեմ — ոչինչ հայտնի չէ։ Կարծեմ մի անգամ լսել եմ, որ իմ պապը և իր հայրը գաղթել են Ղարաբաղ՝ Ատրպատականից։ Թե ե՛րբ և ո՛ր բռնակալի օրով, նույնպես չգիտեմ։ Մի բան է ինձ հայտնի, որ իմ ազգանունը Տեր֊Հովհաննեսյան է. իմ հոր պապի՝ տեր Հովհաննեսի անվամբ. ի՛նչ մարդ է եղել այդ տեր-Հովհաննեսը, ո՛ր գյուղի կամ քաղաքի քահանան է եղել, չգիտեմ։ Միայն ասում էին, որ նա յուր կնոջ մեռնելուց հետո կրկին անգամ է ամուսնացել։ Այս փոքրիկ ավանդությունը ես եզրակացնում եմ, որ նա շատ ազատամիտ մարդ է եղել։ (Եվ եթե հանգուցյալը այժմ կենդանի լիներ, խիստ թունդ «մշակական» կլիներ, թեև «Մշակ» լրագիրը դադարած է այժմ)։
Թե քանի որդի է ունեցել տեր-Հովհաննեսը՝ նույնպես չգիտեմ։ Միայն ես տեսել եմ և հիշում եմ նրա որդի Դանիելին,