Այն միտքը, թե այս կամ այն ծանոթությունը տալիս եմ Ձեզ նրա համար, որ հրապարակ հանեք, արդեն անախորժ տպավորություն է անում ինձ վրա։ Ես, առհասարակ, հետամուտ չեմ եղել երբեք երևալու և խույս եմ տվել միշտ, երբ կամեցել են իմ մասին խոսել. և մասամբ էլ հենց այդ թաքչող բնավորությանս պետք է վերագրել այն, որ տարիներով առաջ գրած աշխատություններս մնացել են անտիպ և տպվածներն` առանց վերատպության։ Այդ բանին իհարկե քիչ չէ նպաստել և ժամանակի սղությունը, ինչպես առիթ եմ ունեցել Ձեզ գրելու. բայց, իհարկե, երևալու ցանկություն թե ունենայի` ժամանակ միշտ կարող էի վաստակել։
Այսուամենայնիվ, Ձեր արած հարցերն ընդունելով իբրև մեր ուղղության և բանակին պատկանող անձի մտերմական առաջարկություն, մի քանի խոսքով պատասխանում եմ նրան, ի սրտե ցանկանալով ծառայել Ձեր այն բարենպատակ ձեռնարկության, որպիսին է` ռուս հասարակությունը ծանոթացնել սակավուք հայկական գրականության հետ։
— Ծնվել եմ 1854 թվականի դեկտեմբերի մեկին, Արցախ նահանգի (Ղարաբաղ) Շուշի քաղաքում։ Ծնողներս միջին դասակարգի մարդիկ էին. հայրս պարապում էր գյուղատնտեսությամբ, հմուտ էր մի քանի տեսակ արհեստների և «շայիր» կոչված բանաստեղծների կարգին էր պատկանում, այսինքն` հանպատրաստից գիտեր ոտանավորներ շարադրել և երգել։ Նա մեռավ, երբ ես ուսանում էի տեղական մասնավոր դպրոցներից մինում և հազիվ 12 տարեկան էի։ Հորս մահից հետ մեր ընտանեկան վիճակը վատթարացավ, ուստի ստիպված էին նախկին դպրոցից հանելովս ավելի աժանագին դպրոց ուղարկել ինձ։ Մի երկու տարուց հետ տվին ինձ Շուշվո թեմական դպրոցը, ուր ընդունվեցա ձրիավարժների թվում։ Այդ դպրոցը այդ ժամանակ խիստ ծաղկած դրության մեջ էր, նամանավանդ հայերենագիտության կողմից։ Թեմական դպրոցն ավարտեցի 1873 թիվ հունիսին։ Ապա մի տարի շարունակ պարապեցի ֆրանսերեն ուսանելով, որովհետև այդ առարկան թույլ էին անցնում մեր դպրոցում։ Ապա երկու տարի հայոց լեզվի և պատմության դասատվություն արի Խորեն Ստեփանեի Շուշում հիմնած դպրոցում (որը յուր հեռանալով