փակվեցավ)։ 1877 թվի մեծ մասը գործադրի իմ հայրենի երկրի զանազան կողմերը շրջելով և Արցախու ու Սյունյաց ավերակներն ու հին հիշատակարաններն ուսումնասիրելով։ Այս շրջագայությունից վերադառնալուց հետ 1877-ի վերջին գրեցի (Շուշիում) իմ առաջին— փոքր ի շատն ընդարձակ երկս, որ էր` Հասան-Ջալալյան ազգի համառոտ տոհմագրությունը և այդ ազգի շառավիղ և Աղվանից կաթողիկոսության վերջին ժառանգ` Բաղդասար Մետրոպոլիտ Հասան-Ջալալյանի կենսագրությունը, որը և տպվեցավ «Փորձի» 1880 թվականի չգիտեմ ո՛ր ամսի տետրակում։
Որովհետև նյութապես անապահով վիճակ ունեի, ուստի մշտական մի պարապմունք գտնելու հույսով 1878-ի վերջին եկա Թիֆլիս։ Ցանկանում էի այնպիսի գործով զբաղվել, որը թե՛ նյութական դյուրություն տվող լիներ և թե՛ մտավոր պարապմունքներս չխանգարող։ Այդպիսի պարապմունք շատերից վարժապետություն էր ճանաչված. բայց ես չկամեցա ուսուցիչ լինել, որովհետև ոչ գլուխ ունեի հոգաբարձուների առաջ խոնարհելու և ոչ լեզու` նրանց շողոքորթելու։ Այդ պատճառով ավելի լավ համարեցի առևտրական ծառայության մտնել։ Այս նպատակով սովորեցի մի երկու ամսվա ընթացքում կրկնատոմար հաշվապահություն և 1879 թիվ հունվար 2-ին հաշվապահի պաշտոնով մտի տեղական առևտրական տներից մեկը, ուր և ծառայում եմ մինչև այսօր, այն է` շուրջ տասնևհինգ տարի։
Ահա այս տարիների ընթացքում սկսա իմ ազատ ժամերից օգտվել և գրել։ Դժբախտաբար այդ ազատ ժամերն էլ շատ քիչ էին։ Անցյալները մի դիպվածով (մեր առևտրական տան արխիվը կարգավորել տալու ժամանակ) կշռեցի այն բոլոր հաշվեգրքերը և թղթերը, որոնք ծայրե ի ծայր գրված էին իմ ձեռքով այս 15 տարվա րնթացքում, և ցավելով տեսա, որ այդ բոլորի կշիռը հասնում էր մոտ տասն և երկու պուդի։ Իսկ եթե ես նյութական մի փոքրիկ ապահովություն ունեցած լինեի և այդ մեքենական աշխատության փոխարեն գրական աշխատությամբ պարապեի, քանի հատորներ կունենայի այժմ: Գիտե՞ք ինչ մեծ վիշտ է այս ինձ համար։
Բայց ես խնդրից շեղվեցա։