Այս էջը հաստատված է

— Թիֆլիսում գրած առաջին երկս` «Ռուզան», պատմական դրաման էր, որի գաղափարը հղացել էի դեռ երկու տարի առաջ Ռուզանի հոր—Հասան- Ջալալի, պատմական երկիրը շրջագայածս ժամանակ։ 80-ական թվականների հայոց թատրոնի հաջողակ ներկայացումները, որոնց մասնակցում էին Ադամյանի, Մնակյանի, Աստղիկի, Հրաչյայի, Գարագաշի և այլոց նման ուժերը, և որոնք այնքան հետաքրքրություն ու եռանդ էին բորբոքել Թիֆլիսի հայ հասարակության մեջ, իմ մեջ էլ եռանդ ներշնչեցին թատերական մի երկ հորինելու փորձն անել. և ահա այդ փորձից ծնվեցավ «Ռուզան»-ը, որը գրեցի 1881 թվականի դեկտեմբ. ամսում. 82-ի հունվարին հանձնեցի Թատրոնական Մասնաժողովին (մի կողմնակի անձի միջոցավ, որովհետև ինքս չէի կամենում հայտնվել և անհայտ էլ մնացի մինչև ներկայացման գիշերը)։ Այդ պիեսը խաղացին աոաջին անգամ Թիֆլիսում, 1882 թիվ փետր. 4-ին, Ադամյանի, Հրաչյայի և այլոց մասնակցությամբ։

Այն անսպասելի և չտեսնված ընդունելությունը, որ գտավ «Ռուզանր» Թիֆլիսի հասարակության կողմից և որի մասին գրեցին ընդարձակորեն տեղական հայ և ռուս թերթերը, խրախուսեց ինձ դրականապես նվիրվել գրականությանը։

Սակայն այդ խրախուսանքը մնաց անպտուղ։ Որովհետև մի քանի փոքրիկ դեպքեր համոզեցին ինչ որ գրականության նվիրվելուց առաջ` պետք է ուխտեի քաղցած մնալու։ Բայց որովհետև ինձանից զատ ես մայր էլ ունեի պահելու, ուստի այդ ուխտը չարի, այլ սիրածս զբաղմունքի համար օգտվեցա միայն հանգստությանս համար սահմանված ժամերից։

Եվ այսպես, 1882-ին գրեցի «Հայ բողոքականի ընտանիքը», որը տպվեցավ նույն թվականի «Մեղու Հայաստանի» լրագրում և ապա արտատպվեցավ 1883-ին։ Այս վիպակը գրելու շարժառիթը այն կրոնական պայքարն էր, որ մղվում էր այդ ժամանակ «Մեղու» և «Մշակ» լրագիրների մեջ։— Արծրունին, որ հայոց պատմության և անցյալի այբուբենին անտեղյակ էր և չէր ճանաչում այն ժողովուրդը, որի համար լրագիր էր հրատարակում, պնդում էր, թե եթե հայերի մեջ կրոնական աղանդները բազմանան, ազգությունը դրանից չի վտանգվիր։ «Մեղուն» (որին աշխատակցում էր այդ ժամանակ