Այս էջը հաստատված է

նվեր եմ բերել հայրենիքի բարձրագույն սիրույն, և ինձ թվում է, թե այդ արել եմ ոչ թե բռնազբոսիկ եղանակով, այլ խիստ բնական ճանապարհով։ Մեզ նման մի ընկած ազգը չի կարող ոտքի կանգնել, մինչև որ նրա գործողները ուսուցիչ Գարեգինի և քույր Աննայի հոգվով վառված չգործեն։

Ի դեպ, պետք է ասեմ, որ մի տարի առաջ «Մշակի» և նրա համախոհ թերթերի մեջ փող փչեցին, թե` Արծրունին է առաջին անգամ ամուսնական սերը հայրենիքի սիրույն զոհելու գաղափարը երգել յուր (կարկատած ու մուրացած) «էվելինա»-ի մեջ։ Բայց, ինչպես տեսնում եք, իմ «Խորհրդավոր միանձնուհին» մի քանի տարի «էվելինա»-ից առաջ է գրված. ուրեմն այդ գաղափարը ես ավելի վաղ եմ երգել։ Այս կետի վրա չէի դարձնիլ Ձեր ուշադրությունը, եթե յուր ժամանակին սրտմտած չլինեի ցուցամոլ հրապարակախոսի կլաքյոռների դեմ։

Ինչ «Լուսավորության կենտրոն»-ին է վերաբերում, դա, այսպես ասած, ժամանակագրական մի վեպ է, որի դեռ առաջին երկու մասերն են հրատարակված, բայց դրանից էլ կարող եք ենթադրել, որ ես այդ երկով կամենում եմ դուրս բերել մեր այժմյան գործողները, լուսավորությունը, զարգացումը և լուծել այն խնդիրը (իհարկե ըստ իմ հասկացողության), թե որ աստիճան իրավունք ունինք մենք այժմ մեր լուսավոր, զարգացած ու քաղաքակիրթ անվանելու, կամ թե, որքան շատ են մեր մեջ նրանք, որոնց սովոր ենք «ազնիվ գործողներ» անվանելու և նրանցով պարծենալու։

Հարցնում եք, թե ե՞րբ եմ սկսել գրել։— Շատ վաղ, այսինքն` աշակերտությանս ժամանակից։ Դեռ 1872 և 72 թվականներին գրաբար բանաստեղծություններ էի գրում, որոնցից ոմանք տպված են այդ ժամանակվա «Արարատ» ամսագրում և «Արշալույս Արարատյան» օրագրում, իհարկե, Գրիգոր Տեր-Հովհաննեսյան ստորագրությամբ (Մուրացան կեղծանունս «Ռուզան»-ից սկսա գործածել)։ 1874-ից միայն սկսա գրել աշխարհաբար բանաստեղծություններ—գլխավորապես հայրենասիրական և սիրահարական բովանդակությամբ, որոնք լույս տեսած չեն ոչ մի տեղ։ 1877-ին գրեցի առաջին արձակ շարադրությունս (Հասան-Ջալալյանց տոհմագրություն և