Այս էջը հաստատված է

Բաղդ. Մետրոպոլիտի կենսագրություն), որը, ինչպես ասացի, տպվեցավ հետո «Փորձի» մեջ։ Մնացյալների մասին արդեն գրած եմ նախընթաց նամակում ։

Ձեր հարցին, թե ի՞նչ հեղինակներ կամ դեպքեր են ինձ վրա ազդեցություն արել, որոշ պատասխան գրել չեմ կարող: Աշակերտությանս ժամանակ միայն ես խիստ տպավորվող էի և այդ ժամանակվա մեր սիրելի գրքերը— բանաստեղծություններից` Հոմերոսը, Վիրգիլիոսը, Միլտոնի «Դրախտ կորուսյալը»-ը և «Վիտայի»-ն էին, իսկ վիպասանություններից` Ֆենելոնի «Տելեմաք»-ը, Ֆլորինայի «Նումա-Պոմպիլիոս»-ը, Բեռնարդեն դը Սեն Պիերի` «Պող և Վիրգինե»-ն ևն, որոնք, իբրև գեղեցիկ գրաբար թարգմանություններ տալիս էին մեզ կարդալու և լեզու սովորելու համար։ Դրանց հետ միասին մենք անընդհատ կարդում էինք մեր մատենագրությունները, գլխավորապես Եղիշեն, Խորենացին, Եզնիկը ևն., նույնպես և մեր նախնյաց ոսկեղինիկ թարգմանությունները։ Սակայն աշակերտությանս ժամանակ արդեն մի փոքրիկ վիպասանություն գրեցի մեր հին դյուցազնական կյանքից և դա արդյունք էր կարդացածս թարգմանական վիպասանությանը։ Հունաց և Հռովմայեցոց հին իմաստասերների գրվածները միայն մտածել են սովորեցրել ինձ։ Ստեղծելու ընդունակությունս սկսել է զարգանալ դպրոցից ելնելուց հետ, երբ ես արդեն սկսել էի ծանոթանալ եվրոպական նորագույն գրողների գրվածքների հետ և որոնց, սակայն, կարդում էի առանց ընտրության։ Այդ բանը միայն մի օգուտ տվավ ինձ, այսինքն` զարգացրեց իմ մեջ կարդացածս գրվածքի վրա վերին աստիճանի կրիտիկական աչքով նայելու սովորություն։ Թիֆլիս գալուց հետ միայն սկսա ծանոթանալ եվրոպական նշանավոր կլասիկների հետ։ Որոնց և անհագաբար կարդում էի։ Ռուսաց հայտնի գրողներին ավելի ուշ սկսա կարդալ։ Որոշ ժամանակից հետ դադարեցի վիպասանություններ կարդալուց և այժմ արդեն ինձ գրավողը հոգեբանական և փիլիսոփայական գրվածներն են: — Այս բոլորից հետ, այսուամենայնիվ, չեմ կարող ասել, թե գրողներից որը ինձ վրա լավ կամ վատ տպավորություն է արել, կամ որի՛ն եմ հետևել իմ ստեղծագործությանը մեջ։ Ամեն մի գործ ստեղծելու ժամանակ իմ աչքի առաջ ունեցել եմ հայ