Բայց մեր էլ ե՞րբ պիտի փայլի
Ավետաբեր արշալույս,
Մեր արևը ե՞րբ պիտ ելնե,
Պսակել խեղճ Հայի հույս։
Այո, քո մեջն էլ կտեսնեմ
Մեր հուսալիր ապագան,
Այո, Հայն էլ լույս կտեսնե
Միայն թե լինի միաբան,
Հայի խավարն էլ կցրվի,
Շատ չի տևիր գերություն,
Գեթ մեր մեջեն եթե վերցվի
Մեր անտարբեր սառնություն,
Եթե գործից հետ չփախչին,
Որոնք ունեն ուժ ու կար,
Եթե լեզվի հետ վաստակին
Ձեռք և կորով հավասար։
20 փետրվար, 1879,
Թիֆլիս