Այս էջը հաստատված է

Բայց չէ. նրա համար մի գրոշ չարժե ձեր սրտի հանգստությունը, ձեր հոգվո խաղաղությունը, ձեր հիվանդոտ դրությունը, ձեր կոտրտած սրտերը.— նա ուզում է միայն յուր վայրենի սիրտը հանգստացնել, յուր վրեժը հանել, և այդ նպատակին հասնելու համար նա բանում է յուր անդուռն բերանը և դուրս է ժայթքում, ինչ որ կարող է. քար, փայտ, ցեխ, հուր, սուր... նրա ինչ հոգն է թե այդ քարը ձեզանից մեկի ճակատին կկպչի» ցեխը` մյուսի երեսին, սուրը` մեկի սիրտը կցցվի և կրակը` մյուսի հոգին կայրե, կոչնչացնե. բավական է, որ յուր սիրտը թափեց, յուր վրեժը հանեց և հանգստացավ... Ահա այդ մարդն է ձեր բարեկամը, ձեր եղբայրը, ձեր սրտացավը... Եվ դուք, ողորմելիներ, դուք մարդկային անիրավության զոհեր, դուք ազգականներից քարկոծներ, դեռ սիրտ ունիք, դեռ հավատ ունիք, և այդպիսի արյունակիցների հարձակումներով ձեզ նեղացնում, սպանում եք...

Այն մարդը, այն տղան, որ իմ նամակները ստանալուց հետ էլ (ես գիտեմ ինչեր եմ գրել) չի ամաչում և ինձ հայհոյում է ինչպես մի կաբակում մեծացած կինդո, էլ նրանից ինչ եք սպասում։ Էլ նրա խոսքերով ինչու՞ եք ձեզ վրդովում։ Կամենում եք, որ ճշմարիտը խոսեմ. խնդրեմ չնեղանաք.— Ա՛յ, Արամը նրա եղբայրը չի սազիլ, նա բարի է ինչպես հրեշտակ. և ազնիվ ադամանդի չափ. նա երևի յուր հորն է եկել. իսկ Սամսոնը... Օ, նա մարդու կաթ չէ ծծել. նա զուտ ավետարանոցեցի է. յուր հոտած, փտած և մխկած մոր հարազատ տղան է. նրա սրտի մեջ բնակվում է նույն ինք Սաթայելը։ Մի տղա, մի լակոտ, որ համարձակվեցավ այնքան անամոթաբար հայհոյել «Մեղու» և «Նոր-Դար» լրագիրների խմբագիրներին, մարդկանց, որոնց նա ոտի հողը չարժե, նա, որ կարողացավ անբարոյական կնոջ նման լկտի աներեսությամբ, այնքան անամոթաբար հայհոյել նրանց անցյալը, ներկան, անունը, ընտանիքը, պատիվը և այլն, էլ նրանից ինչ կարելի է սպասել. այդպիսի անամոթ մարդին մարդու ազգական և բարեկամ ունենալն անգամ ամոթ և խայտառակություն է։ Իմ կյանքում շատ լիրբ և անպատկառ մարդիկ եմ տեսել, բայց դրա նմանը հողը չէ ծնել, և այդ պատճառավ մինչև իմ կյանքի վերջին շունչը նրա արյան թշնամին