Այս էջը հաստատված է
Հունիսի 27, չորեքշաբաթ (կեսօր)

Սիրելիս, կարծում էի, թե այսօր մի բան կունենամ քեզ գրելու, բայց ոչինչ չունեմ, մնում է նամակս փակել, որովհետև փոշտի ժամանակը անցնում է։ Նիկոլայից նամակ ստացա, բոլորիդ մեկ մեկ բարևում է. մամիդ գրածները հաղորդել էի նրան, որին պատասխանում է, թե ինքն էլ չափից դուրս վշտանում է, որ այս ամառ էլ չէ կարող ձեզ հետ անցկացնել, միայն ասում է, որ Աբրահամն այս ամառ գալիս է պսակվելու, և ասում է, որ բոլորիդ էլ պետք է տանե Բալլուջա թութ ուտելու. խնդրում է, որ հրավերը չմերժեք։

Գրիր, խնդրեմ, օրիորդ, ինչպե՞ս ես անցկացնում, ի՞նչ ես շինում, առողջությունդ ինչպե՞ս է. տխո՞ւր ես լինում թե ուրախ. արդյո՞ք կողքիդ ցավը անցավ, պատմական «փիծեղը» էլի ուռա՞ծ է… նույնպես գրիր մորդ, Կարինկի և Ավետի առողջությունից: Ես էլ կամ էլի՛, քեզանից հետո մի կերպ քաշ եմ գալիս։ Առողջությանս մասին միամիտ եղիր, շատ լավ եմ։

Եթե նամակ գրած լինես, այսօր կեսօրից հետո կստանամ։

Ցտեսություն, հոգյակս, Հ. Զ. Ս. Ա. մոռացա հարցնել, արդյոք դու չե՞ս հիշում թե՝ ըստ բանաստեղծական աշխարհագրության, որտեղ է գտնվում էլլիսյան հովիտը։ Հ. նրան։

Քո Գրիգոր
Հունիս 28, հինգշաբաթ (առավոտ).

Սիրելիս, չգիտեմ ինչու համար ժամե ժամ սիրտս ծանրաբեռնում է տխրությամբ, մի նախազգացմունք կարծես ճնշում, սպանում է նրան, չգիտեմ ինչ է պատահել, չգիտեմ ինչ է պատահելու: Ամեն մի անգամ երբ ցրվիչը մեր գրասենյակի նամակները բերում է, սիրտս անհանգստությամբ տրոփում է։ Ես վերցնում եմ նրանց և շտապ շտապ պրպտում եմ նրանց մեջ քո նամակը, այդ գործողության ժամանակ ձեռքերս այնպես են դողում, որ ուրիշները նկատում են։ Այսօր