Այս էջը հաստատված է

մինչև անգամ Մ…յանցն հարցրավ, թե «Ի՞նչ է պատահել քեզ»։ Ես իհարկե ոչինչ չպատասխանեցի և աշխատեցի վրդովմունքս ծածկել։ Իմ ձեռքերս դողում էին նրա համար, որ վախենում էի, թե քեզանից նամակ լինի. իսկ այդ նամակում ես ոչինչ ուրախ բան չեմ սպասում… Օ՜, ինչպես տխուր, ինչպես միգապատ է սիրտս։ Անիծյալ, հազար անգամ անիծյալ լինի նա, որ վրդովեց մեր սրտի խաղաղությունը, որ թույն կաթեցրավ մեր երջանկության բաժակի մեջ… Եվ միևնույն ժամանակ ես տեսնում եմ, թե ո՛ր աստիճան թուլասիրտ ենք մենք, որքան չնչին, որքան ստոր… Մենք հանդգնում ենք սիրել, սիրո վերա խոսել, սիրով ոգևորվիլ, և միևնույն ժամանակ ամենաչնչին դեպքը, ամեն մի «ասածին», «ասում են»-ը մեզ շշկլեցնում է, մեր սիրտը վրդովում, տակն ու վրա են անում։ Բայց ի հարկե, ես այդպիսի փոքրոգիներից չեմ, ինձ վերա չեն կարող ազդեցություն անել, ոչ միայն այս ու այն ողորմելի արարածի բարբաջանքը, այլև նույնիսկ աստծո ահեղասաստ ձայնը. ես հանդուգն լինելու չափ աներկյուղ եմ, բայց երբ մտածում եմ, որ այս և այն առթից դու պիտի վշտանաս, որ օր ու կյանքդ պիտի սևացնես, սիրտդ ու հոգիդ պիտի ճնշես, այդ ժամանակ միայն ես կորցնում եմ իմ բոլոր արությունս. ես դառնում եմ այնպիսի թուլասիրտ արարած, որպիսին դու ես…։

Իհարկե գիտեմ, որ դու էլ այդ ներքին հոգեկան թուլությունը չունես, գիտեմ՝ որ ինչպես ես, քո պատճառով եմ թուլասրտում։

Հունիս 29, ուրբաթ (կեսօրից հետ).

Հոգյակս, զգում եմ, որ գրելու ոչինչ չունեմ քեզ. բայց քանի որ փոշտի օր է, չեմ ուզում առիթը ձեռքից թողնել: Այս րոպեին էլի Շուշիի փոշտն ստացանք, քեզանից էլ նամակ չկար։ ճշմարիտ որ ոչինչ չեմ հասկանում։ Այժմ մնում է ինձ լռել, վախենում եմ, թե մի օր քեզ նամակ գրելուց դադարեմ։ Բայց ինչ որ է. երեք օր էլ կսպասեմ, տեսնեմ երկուշաբաթ օրվա փոշտը ինչ կբերի ինձ համար: