Ոսկի, ինչպե՞ս են անցնում օրերդ: Ասա, հոգյակս, մի՞թե ճշմարիտ ուրախ ես լինում, չես մտածում, չես նեղսրտում, մի՞թե առանց ինձ լավ է քեզ համար, մի՞թե դու հանգիստ ես լինում… օհ, ինչպես ուրախ կլինեի, որ այդ այդպես լիներ, որ քո նախընթաց նամակում գրածներդ ճշմարիտ լինեին… Բայց ես չեմ հավատում. այդ անկարելի բան է, դու անշուշտ խաբում ես ինձ: Իսկ ինչ որ ինձ կվերաբերի, ես ճշմարիտ, չգիտեմ ինչ ասեմ, քեզ խաբել չեմ ուզում, ես շատ, շատ տխուր եմ լինում. ես մի րոպե անգամ չեմ կարողանում քեզ մոռանալ, թեպետ շատ կցանկանայի այդ… Երբեմն այնպիսի րոպեներ են լինում, որ սիրտս շատ, շատ է ուզում քեղ, ուզում եմ քեզ տեսնել, ուզում եմ քեզ լսել, քեզ հետ խոսել… շատ անգամ ես այնպես եմ զգացվում, որ սիրտս կտրտվում է. ես մտաբերում եմ քեզ, քո պատկերը, քո հայացքը, քո ձայնը, ես սկսում եմ խոսել քեզ հետ երգելով. վերցնում եմ քո կենդանագիրը, համբուրում եմ նրան, գրկում եմ նրան իբրև իմ սրտի ամենաթանկագին սրբությունը. շատ անգամ ես նրա վերա բարկանում եմ… Իհարկե իրավունք ունեմ, իսկ շատ անգամ ես գրեթե ցնորվում եմ…
Այսօր կիրակի է, ժամը 1-ն է. դուրսը կրակ է թափվում. ես նստած եմ միայնակ և գրում եմ այս տողերը։ Օ, թե ես կարողանայի գրել այն, ինչ որ ուզում եմ գրել. եթե ես բառեր ունենայի արտահայտելու իմ սրտի զգացումները, թե ես կարողանայի կենդանացնել քո առաջ իմ հոգուց այն բուռն, անսաստ ալեկոծություն, ես այն ժամուն աստված կլինեի։ Մի ինչ-որ բան ծանրանում է սրտիս վերան. կարծես ուզում է ինձ խեղդել, ես ուզում եմ լաց լինել և կարծում եմ, թե այդ արտասուքները կթեթևացնեն ինձ։ Բայց ես տեսնում եմ, որ, օր ըստ օրե, մաղվում եմ, ես կարծում եմ, թե տաքությունիցս