նա. որովհետև ես վայելել եմ սիրո դառնությունները, ես չէի ուզենալ, որ նա էլ նույն դառնությունները ճաշակեր մեր խստության պատճառավ։ Եվ ճշմարիտ, մի՞թե երջանիկ չեն այդպիսի զավակները։ Իսկ մենք… ավաղ, մենք դեռ պետք է մեր կյանքի երեք քառորդը մաշենք հասկացնելու համար մեր ծնողներին, թե ինչ է մերը, իսկ մի քառորդը պետք է վայելենք— այն էլ երկարամյա կռվից հոգնած, վաստակած և սրտաբեկ… Ախ, մայրեր, մայրեր, որքան շատ դուք սիրում եք մեզ, և որքան շատ տանջում եք։ Ոսկի, ասենք թե ես եմ դժբախտ մոր և քույրերի կողմից, նրանք չեն կարող ինձ ըմբռնել, որքան էլ ես խոսեմ նրանց հետ. բայց մի՞թե քո մայրդ էլ այդքան անզգա կամ դժվար ըմբռնող է, ախր չէ որ մի ժամանակ նա շատ լավ էր հասկանում սրտի և զգացմունքների նրբությունները, չէ որ ես մի անգամ խոսում էի նրա հետ սիրո վշտերի մասին և նա ձայնակցում էր ինձ… Մի՞ թե այդ բոլորից նա այլևս ոչինչ չէ մտաբերում։ Ասա ինձ, իմ անուշիկ Ոսկի, մենք դմբա՞խտ պիտի լինենք, թե՞ երջանիկ, ես այժմ ոչինչ չգիտեմ, ոչինչ գուշակություն անել չեմ կարող, դու ես այդ բանի համար ամենագետը, որովհետև գտնվում ես այնտեղ, ուր պետք է մեր բախտը վճռեն:
Երևի, երբ իմ նամակներս ստանում ես, սպասում ես մի որևէ կարևոր նորության, բայց բոլորի մեջ էլ միևնույն միտքը, զգացմունքների և սիրո խաղերը և միևնույն կրկնումները կարդալով նեղանում ես ինձ վերա, այնպես չէ՞… Դե, ինչ անեմ, ինձ հետաքրքրողն էլ այս մեկ ճյուղն է։
Բավական երկարացավ քո նամակ չգրելդ. այդ մեկ բանովը գոնե կարող էիր մի քիչ թեթևություն տալ ինձ. այդ էլ չես անում, ինչ անեմ, բայց ես քեզ չեմ ստիպում, հոգյակս երբ ուզում ես այն ժամանակը գրիր, քեզ մի նեղացնիր: Երբ որ համբերելու ուժ ունես, ինչու օգուտ չքաղես այդ ուժից…
Աղայանցը եկավ, այսօր էլ հրավիրված եմ նրա մոտ և հիմա պիտի գնամ։ Խոսացինք, պաշտոնական թուղթ կուղարկվի քեզ։ Միամիտ կացիր։ Սագինյանին տեսի. նա մտադիր է օր. Տեր-Մովսիսյանին պահելու. ուրեմն նրա հետ չգիտեմ ինչպես կարող ես դու մնալ, որ երագել ես… Այսուամենայնիվ