Կատինկի մասին վերջնականկապես ի՞նչ խոսացիք Բագրատի հետ։ Արդյո՞ք կհաջողացներ նա այդ բանը մինչև գոնե սեպտեմբերի սկիզբը։ Դժբախտաբար իմ գալով էլ չկարողացանք այդ բանի մասին մի փոքր լրջությամբ խորհրդակցել։ (Հիմա մամադ կասի՝ — Յանի քու գլխումդ ուշ կար, որ ուրիշ բանի վերա էլի մտածեիր)։
Բյուր անգամ սիրեցյալդ իմ.
Այս անգամ Շուշի գալս կրկին անգամ ծանոթացրավ ինձ քո այնպիսի հատկությանը հետ, որոնց մինչև այսօր ես անծանոթ էի։ Դու չափից դուրս երկչոտ ես, համեստությունը քո մեջ հասնում է ծայրահեղության և պարկեշտությունը կորցնում է յուր համը։ Դու դեռ չգիտես թե ինչպես պատահեցի ես քեզ առաջին անգամ, ինչպես անցուցի իմ այդտեղի սուղ օրերը և ինչպես հեռացա քեզանից։ Ես այժմ, իհարկե, չեմ կարող ամեն բան պատմել քեզ. այժմ ես այն աշխույժը չունեմ, ինչ որ ունեի քո այստեղից հեռացած օրերում, երբ ամեն ժամ և րոպե քեզ հետ խոսել, քեզմով զբաղվել և քեզ նամակներ գրել էի ցանկանում։ Վերջին դեպքերը ինձ վերա բավական խիստ ներգործեցին, բայց իհարկե իմ հոգին ընկճել չկարողացան։ Ես գուցե մի առ ժամանակ հանգիստ կտամ իմ բուռն զգացումներին, բայց այդ կլինի միայն նրա համար, որ քեզ ինձ մոտ տեսնելուց հետո՝ ավելի զորեղ և ավելի բուռն կերպով զարթեցնեմ նրանց… Այժմ ես դեռ կամենում եմ խոսել այդտեղից։— Գիտես, հոգյակս, առաջին անգամ քեզ պատահած րոպեին իմ գլուխս պտույտ եկավ, ես շատ լավ հիշում եմ, որ հետո մի տեսակ սարսուռ էլ ցնցեց իմ սիրտը, երբ շատ լավ դիտեցի քո այլագունված դեմքը, քո երկչոտ հայացքը, քո նվաղած ձայնը և քո երերուն քայլերը։ Ինչու համար այն րոպեին դու այնքան փոխված էիր.— իհարկե նրա համար, որ ես քեզ համար տանջանքներ էի պատրաստել իմ անխոհեմություններով, թեպետ ես հանցավոր