Տենչում եմ քո սուրբ ձեռից ճաշակել
Վշտի մոռացման նեկտարը անգին,
Նորից ստանալ հավատ, հույս ու սեր,
Նորից անմեղին փարիլ ջերմագին.
Եվ առուգացած քո մաքուր շունչով
Ներբողել սերըն արդար սրտերի,
Բարվույն,գեղեցկին սիրահար հոգվով՝
Վերանալ, սուզիլ խորքը եթերի…
Բաց ինձ, ուրեմն, քո սիրտը փափուկ,
Սեղմիր, ջերմ կրծքիդ իմ սիրտը սառած
Վանիր նրանից թե վիշտ, թե տաղտուկ,
Թե ժանդ ցավերը հինուց մթերած.
Եվ թող իմ հոգին ճախրելով ազատ՝
Վերանա երկինք, թե իջնե դժոխք,
Ամեն տեղ երգե հույս, սեր ու հավատ,
Չհիշե, չարին, չկարդա նզովք…: