Այս էջը հաստատված է

ՍԵՐՆ ԱՆԱՊԱՏՈՒՄ

1

Տխրամած խցիս անկյունը նստած՝
Աղոթում էի ես ջերմ հավատով,
Հեռու աշխարհի ունայն փառքերեց,
Բարվույն հետամուտ, չարից անվրդով։
Հանդերձս անշուք, տնակս աղքատ,
Չունեի ես կահ, կարասի ու գանձ,
Անկողինս լոկ խղճուկ փսիաթ,
Կերակուրս ջուր և ցամաքուկ հաց։

Չէի տրտնջում, այդ էլ բավ էր ինձ,
Իբր աշխարհատեաց մի կրոնավորի,
Սիրտս միշտ խաղաղ, մտքերս անբիծ՝
Կատարում էի պարտքս անթերի։
Ոչ մի ճգնություն և ոչ մի զրկանք,
Դեռ չէին զորել ճնշել իմ հոգին,
Ոչ էլ մահառիթ որևէ վտանգ
Կարող էր դրժել տալ ինձ իմ ուխտին։

Իբր սրբանվեր անապատական
Հավատում էի հանդերձյալ կյանքին,
Հուսալիր հոգվով սպասում նըրան—
Հավիտենական բարվույն ու փառքին։
Երջանիկ էի ես այդ ժամանակ
Իբրև նորատի և անհոգ մանուկ.