Այս էջը հաստատված է

Բայց, այսուամենայնիվ, իմ անուշիկ Ոսկի, դու պետք է չթույլ տայիր քեզ մի վայրկյան անգամ կասկածիլ, դու չպետք է երազեիր անգամ, որ այն բոլորը` ինչ որ ինձ գրել ես... կարող կլինեի ես առանց վշտանալու կարդալ։ Եթե դու իմ երեսի վերա ժպիտ չես տեսնում, ես զարմանում եմ, բայց թե այդ ասածդ ճշմարիտ անգամ լինի, դարձյալ դու ինձ չպիտի դատապարտես, ախր այս գրությունը, որի մեջ մենք ենք այժմ, միթե կարող է մեզ այնքան ուրախացնել, որքան ցանկալի էր, երբեք. ես միջոց չունիմ քեզ իմ սիրտը բանալու և դու էլ նույնպես ստիպված ես համր մնալու։ Միթէ այսպես պիտի լիներ մեր առաջին տեսակցությունը, մի՞թե մենք միայն միմյանց ձեռք սեղմելով պիտի բավականայինք... Բայց ես ինչեր էի երազել...։

Դու ասում ես, որ ինձանից «ինքնաբերաբար կոշտ խոսքեր» ես լսում։ Այդ ինքնաբերաբար բառը թե չդնեիր, ես մյուս բառերից չէի վիրավորվիլ. բայց այդ բառը դնելով դու մի հայտնի հանցանք ես գործում, դու դրանով կամենում ես ասել՝ որ ուրեմն իմ սիրտը զբաղված է մի ուրիշ ավելի սիրելի առարկայով, և որքան էլ ես սեր և գգվանք կեղծեմ, դարձյալ «ինքնաբերաբար» կոշտ խոսքեր եմ ուղղում դեպի քեզ... Սիրելիս, միթե դու չես դողում, երբ այսպես խոսքեր ես գրել տալիս ինձ, ես միմիայն նրանց գծելով կարմրում և խրդնում եմ.... Բայց ոչինչ, ես քեզ ներում եմ, որովհետև հենց այս րոպեին ես հալվում եմ քեզ սիրելով, քեզ պաշտելով և քո վերաբերությամբ հազար և մի գողտրիկ բաներ երևակայելով... Դու կարծում ես, որ մի օր իմ կյանքում ես կկարողանամ մի փոքր պակաս ջերմությամբ սիրել քեզ, բայց ոչ, հազար անգամ ոչ, իմ անուշիկ, իմ թանկագին Ոսկի, և, թե կպատահի այդպիսի մի օր, ես կաղոթեմ աստծուն, որ այդ օրը մենք երկուսս միասին դադարեյիք ապրելուց... Օհ, թե գիտենայիր, թե այս րոպեին ինչ անշեջ կրակ է վառվում իմ սրտի մեջ, գիտենայիր, թե որպիսի անհագ տենչ չափում է իմ հոգին... դու կդողայիր, և որքան փոքր ես ճանաչում դու ինձ... Դեռ հիշածներդ էլ բավական չհամարելով դու քեզ «կորած» ես հաշվում, դու «մեր երջանկության