Այս էջը հաստատված է
1886 հունիս 22/24

Հավիտյան սիրեցյալդ իմ Ոսկի.

19-ին նամակդ ստացա։ Շատ վշտացի, որ այդքան անհաջողություններով է վերջացել ձեր ճանապարհը, մանավանդ, երբ մտածում եմ, թե գլխավոր պատճառը ես էի. որովհետև, թե մի օր ուշանայիք արդեն Նիկոլայը կգար և ամեն բան յուր բնական ճանապարհը կգտներ։ Վերջապես, էլի փառք աստծո, որ առանց մի վտանգի տեղ եք հասել և Նիկոլայն էլ, հուսամ, երեկ տեղ հասած լինի, որից հետ՝ քեզ համար ամեն ինչ անշուշտ լավ կանցնի։

Բայց 3 օր տեղդ լինելուց հետ՝ արդեն դու կարող էիր մի գաղափար տալ ինձ, թե՛ մեր տան և թե՛ այլ մանրամասնությանց վերա, որոնք, գիտես, որ ինձ կհետաքրքրեին։ Երևի ժամանակ չես ունեցել, և, ինչպես ես խնդրել եմ, մյուս նամակներովդ կգրես։ Շատ հետաքրքրում է ինձ այժմ քեզ շրջապապող կյանքը, չգիտեմ, որքան ես գոհ նրանից։

Որքան էլ ես ցանկանում եմ հեռու փախչիլ զգացմունքով թաթախուն նամակներից, քեզ չվրդովելու համար, դու ինքդ, սիրելիս, ինձ զոռով ասպարեզ ես կանչում։ Դու գիտես, որ քո մի խոսքը, թեկուզ նա մի տողից լինի կազմված, իմ մեջ թերթեր լցնելու ցանկություն է հղացնում, ուրեմն զգույշ կաց ինձ ոգևորելուց, դա ինձ չի վնասիլ, բայց քեզ էլ օգուտ չի բերիլ։

Գրում ես, որ ես ճիշտը ասեմ՝ թե ես ուրիշ աղջկերանց նայում եմ, թե՝ ոչ։ Լսիր ուրեմն.— Ուրիշ աղջկերանց ես նայում եմ, ինչպես չէ։ Երբ նստում եմ ձիաքարշի վերա, ինչպես միշտ իմ չորս կողմը լիքն են և գեղեցիկ և տգեղ կանանցով։ Ես, ինչպես որ բնական է, տգեղներին չեմ նայու. գեղեցիկների վերա մերթ ընդ մերթ հառում եմ իմ աչքերը. ես կամենում եմ նրանցից գոնե մեկի վերա տեսնել իմ անզուգական Ոսկեհատի նմանությունը, նրա ժպտող երեսը. նրա կրակոտ աչքերը. ես նայում եմ բոլորի վերա, ես որոնում ամեն տեղ. բայց նա չկա. ես նրան չեմ գտնում… Իջնում եմ ձիաքարշից, ես հավատում եմ, թե ահա, այստեղ,