վեպ գրելն արգելք կարո՞ղ է տալ նամակագրության. այդ ճիշտ է. ես ժամանակ շատ ունիմ, բայց կամենում եմ, որ զբսոսանքն էլ չթողնեմ, այսինքն, ինչպես միշտ, մի ամբողջ ժամ զբոսնել ճաշից հետ. իսկ, որովհետև, քիչ ժամանակ կմնա ինձ և՛ նամակ և՛ վեպ գրելու. նոր վեպս կլինի «Չհասն»-ն, որ կամենում եմ նվիրել Կատինկին, ըստ որում նրա կյանքի ամենամեծ խնդիրը լուծելու ժամանակ տեղի ունեցած դժվարություններն են ծվեցրել իմ գլխում այդ վեպի իդեան:
Մյուս կողմից էլ, միամիտ կաց, այդ զբաղվիլը ինձ վերա մի որևէ ծանր ազդեցություն չի կարող անել, որովհետև օրվա մեջ այն ժամերը պիտի գործ դնեմ նրա վերա, որոնք, ինք ըստ ինքյան, կազմվածքին մի օգուտ կամ վնաս չեն պատճառում, թե գործ են դնում աշխատության համար։
Ձեր գնալուց հետո միայն մի անգամ եմ գնացել Սպանդարի մոտ. և այն, որ գրում էիր թե՝ «ցտվերից խոսելիս» անտարբեր եղիր, իսկի դրանց մասին խոսք էլ չէ լինում, միամիտ կաց, պետք է ասած, որ ձեր գնալուց հետո, ես դեռ ոչ մի աշխատանք չունիմ արած, բացի հաշիվներս մաքրելն: Գոնե մի լավ վեպ էլա ստեղծեմ, որ գալուց հետ չնախատես ինձ, ասելով. «ծառա չար և անհավատարիմ» ինչու մի մարդավարի բան չես շինել ինձանից հետ։
Մեր Ալեքսանը դեռ այստեղ է. երկու օր է իրար չենք տեսնում, ես առավոտը վաղ գնում եմ իրան չեմ տեսնում, ինքն էլ իրիկունը ուշ է գալիս ինձ քնած գտնում. թե այսպես շարունակվի մի տարի միմյանցից խաբարություն չենք ունենալ:
Չմոռանաս մեր էզնիցը (նաթամ ապորից) մեր ազգին, այն է՝ մեր պապու ծագման համար ինչքան տեղեկություններ ունի հարցրու իմաց և գրիր, այսինքն՝ թե պապին որտեղացի է եղել, ովքեր են եղել նրա ծնողները, ինչով է զբաղում եղել և այլն, և այլն— որ հարկավոր իմ հիշատակարանի համար, թե չէ դա էլ կմեռնի և բանս կմնա կիսատ: Ողջունիր Ազյուն, մամին, Նաքուին և մյուս բոլոր հարցանողաց, նույնպես ամենուն: Մի գողտր համբուրիկ հրեշտակ Գուրգենիս։