Այս էջը հաստատված է

Սիրելիս.

Հ. Գ. Անցյալ անգամ, այն է 27-ին 2 համար լրագիրները երկաթուղին տարա, բայց վաղ լինելով՝ մարքա չկար գնելու. ես փողը թողեցի այնտեղ, որ իրենք կպցնեն ղրկեն. գրիր տեսնեմ ստացել ես, թե ոչ, 100 և 101 համարներն էին։ Գրիր տեսնեմ, ինչ են խոսում իմ հոդվածի առթիվ և ինչ խոսացին Սպանդարի նույն նյութովն գրած առաջնորդողի համար։ 3ուզբաշյանին շուտով կհեռացնեն, թե ինքը չհեռանա։ Հակառակ դեպքի համար (այսինքն թե Յուզբաշյանը լրագրներում իրեն պաշտպանել սկսե), Հովհաննիսյանին ասա ինձ համար նյութեր ղրկե նրան դիմադրելու։

Իմ վեպս արդեն սկսել եմ, ուստի, սիրելիս, հաջորդ նամակս կգրեմ ուրբաթ օր, այն է հուլիս 4-ին, հուսամ չես նեղանալ։ Թիֆլիսում քեզ հաղորդելու նորություններ չկան: Սպանդարը և Նատալիան քեզ շատ շատ բարևում են։ Երեկ նրանց տանն էի ճաշի, ինչպես միշտ, շատ լավ ճաշեցինք։ Հետո գնացինք Մուշտեիդ, բայց եղանակը անձրևային լինելով քաշվեցանք «транвай» րոդոնտը և այնտեղ մի քանի շիշ գարեջուր վայելեցինք, երեխաների հետ միասին։ Մի փոքր էլ մուզիկա լսվելուց և երեխաներին կարյուսել նստեցնելուց հետո կառքով վերադարձանք մեզ մոտ, ուր ես փառավոր չայ խմեցրի բոլորին կաթով, կարագով և այլն ըստ կարգին։ Տերտերին էլ հյուրասիրեցի։ Մեր կաթ բերողը շաբաթ առավոտը մի կես ֆունտ յուղ էր ընծա բերել, չգիտեի ինչ անել— աստված ուտողները հասցրավ։

Մարիամը և Լիզան ամեն օր կարոտից կարոտիվ բարեվում են ձեզ։ Մարիամը ինձ լավ ծառայում է, սրբոտում է, լվանում է և այլն. շատ գոհ եմ նրանից։ Քո կարեմաշինի սեղանը Մալայանցը բերավ. լավ գործ է, բայց մի փոքր մեծ է երևում իմ աչքում, մեր ումովալնիկը տվի շինելու, շատ պակասավոր էր դարձել։ Սենյակների հատակները մոմ քսել տալն թողնում եմ ընդ միշտ, որովհետև առ այժմ ավելորդ է։ Սրանք գուցե ավելորդ բաներ են գրելու համար, բայց ես կարծում եմ կարող են քեզ հետաքրքրել։ Վաղվանից էլ կսկսին նորոգել նորից։