րոպեին համբուրել քեզ և այնպես պինդ, այնպես ամուր… Այս րոպեին իսկ սիրտս թուլանում է քեզ համար, ես չեմ կարողանում իմ կատակները շարունակել… բայց, մի՞թե մենք ամբողջ երկու ամիս էլ հեռու պիտի մնանք միմյանցից և դու այդ կտանես, և դու կուզենաս, որ ես համբերեմ… Չէ, մի ամիս էլ՝ և մենք միմյանց մոտ կլինենք, ես ուզում եմ քեզ մոտ լինել, տեսնել քեզ, լսել քեզ, սիրել քեզ… Ա՜խ, ինչպես վատ եմ տրամադրված ես այս րոպեին, ես հազար ու մի ուրիշ բաներ ունեի քեզ գրելու և ինչպես չեմ կամենում ոչինչ գրել։ Ախ, Ոսկի, ես կամենում եմ, որ դու ուրախ լինես, որ քո ժամանակդ զվարճությամբ, խնդումով ու ծիծաղով անցնի, բայց զայրանում եմ, որ դու ինձանից հեռու ես. և միթե քեզ համար լավ է անցնում, երբ ես քեզ մոտ չեմ. օհ, մի ասիր այո, ես չեմ ուզում, որ դու առանց ինձ ուրախ լինես, ես նախանձում եմ այն բոլորին, որոնք քեզ ուրախ պիտի տեսնեն, որոնց դու գեղեցիկ պիտի երևաս… Օհ, դու խաբիր ինձ, խաբիր, որ դու միշտ տխուր ես լինում, խաբիր, որ դու առանց ինձ վատ ես օր անցցնում. ես այդպես եմ կամենում.— Բայց չէ. ես զառանցում եմ. սա մի րոպեական այլայլմունք է. և շուտով կանցնի, ուրախ եղիր, հոգիս, ես արդեն աշխատում եմ սովորել այս տխուր միայնությունը և թե չկարողացա երկար համբերել, ես անպատճառ կգամ քեզ մոտ։ Համբուրիր իմ անուշիկ և քաղցրաբույր Գուրգենիկին. լավ պահիր նրան և նրանով սփոփվիր, թե երբևիցե ցանկություն է մնում քո մեջ ինձ ողջագուրելու. և դու գոնե այդ կողմից բախտավոր ես… բայց ոչինչ, ես էլ մխիթարվում եմ նրանով, որ դու ուրախանալու առարկա ունես քեզ մոտ։ Համբուրում եմ քեզ բոցավառ շրթանց համբույրով:
Հունիս 28 թիվ նամակդ ստացա, որից հետո դու էլ անշուշտ իմ 30 թվականավ գրածս կլինես ստացած: Զարմանում եմ