ղրկածդ հարյուր հազար համբույրները ինձ չեն գոհացնում, և դու էլ գիտես, որ մեղավոր չեմ ագահությանս համար։
Այստեղի շոգերը արդեն սկսվել են. բացի մեր կանտորը, ուր գեղեցիկ զովություն կա և գետի ամենասիրուն կարկաչ, մնացած տեղերը արդեն այրում է։ Իզուր տեղը մի կարծիր, թե Շուշի գնալդ սխալմունք է։ Մեր կողմից սառնության համար ես գրում. քանի գրոշով կառնեմ նույնիսկ նրանց տաքությունը. չարժե դրանց վերա խոսել իսկ: Հազար շնորհակալություն քեզ, որ նավի ղեկը խելքով ես վարում. բոլոր նեղություններդ ինձ համար կրած համարիր ու կքաղցրանա աշխատանքդ։ Ես կարծում էի, թե դրանք այժմ մի քնքշությամբ կողջագուրեն քեզ, ես, որ մտադիր էի Շուշի գալ մի քանի օրով, սկի էլ չեմ գալ. ում համար գամ։ Հագուենց վարմունքը նախանձով էլ կարելի է բացատրել, իրենց դրության թշվառությամբն էլ, Հագուի վաստակած լինելովն էլ, բայց և այնպես անուշադրության տալու է։ Մեր Զառի բաջուն իմ անկեղծ շնորհակալությունս հայտնիր յուր անկեղծ բարեկամության համար և բարևիր իմ կողմից։ Ով որ իմ Ոսկուն կսիրե, նա իմ աչքի լույսն է, ով որ սառը կլինի դեպի նրան, իմ աչքն էլ չի տեսնիլ նրան։
Ինչպես Նիկոլային էլ գրել եմ՝ գուցե պատահի, որ ես մի երկու օրով Դալմամադլու գնամ, այն ժամանակ նամակիս երեսը այնպես կգրեք, ինչպես իրան կարգադրել եմ։ Մինչև այժմ էլ թե գրած ունենաք, ես արդեն կարգադրել եմ պոչտալիոնին յուր մոտ 2 օր պահելու։ Այս գրում եմ համենայն դեպս, գուցե սկի չգնամ էլ։ Բայց, թե գնացի և մի քանի օր ինձանից նամակ չստացաք՝ նիկարան չմնաք։ Գնալուց ես դարձյալ կիմացնեմ։ Այսքանս։
Թեպետ քեզ գրում էի, թե վեպի պատճառով քեզ ամեն փոշտ չեմ գրելու, այլ շաբաթը երկու անգամ, բայց տեսնում եմ, որ այդ էլ շատ դժվար է ինձ համար, իսկ վեպը դեռ մնում է միակողմ։ Ինչպես անեմ, չգիտեմ։ Յանի իմ մտքից մի քանի րոպե դուրս գնա էլի՛, ինչ ես ուղեղիս մեջին բազմել, բաս քեզ բան ու գործ չունե՞ս. գոնե օդափոխության համար գլխիցս դուրս եկ գնա մի ուրիշ տեղ. միայն թե այդ ուրիշ տեղը սիրտս չլինի…