Ինչպես Ադինյան դարաստանների,
Մի հրաշակերտյալ մարմարե արձան,
Կանգնած էր այդտեղ նա լուռ և տխուր,
Ժպիտը սառած շուրթերի վըրան։
Ո՞ւմն էր սպասում նա այդտեղ մենակ՝
Այդ խորհրդավոր, գիշերվա պահուն,
Ո՞վ պիտի հծծար նրա ականջին,
Վշտի՞, թե՞ սիրո շշունջներ թաքուն…
Ո՞վ էր այն ընտրյալն, որին գրկաբաց
Ու սիրաժպիտ տի նա ընդուներ,
եվ որին բախտի ձեռքը անարդար,
Կշռել էր այդքան մեծագին նվեր…
Չկարողացա գուշակել իսկույն,
բայց և հառաչել չհանդգնեցա,
Այլ սգատերև նոճյաց ստվերում,
Անշունչ ու անշարժ արձան մի դարձա:
—«Մի՛ մի՛, թաքչիր դու, բարի վանական,
եկ, մոտեցիր ինձ առանց երկյուղի».
Խոր լռության մեջ լսվեցավ հանկարծ,
Գեղալուր ձայնը երկնային կուսի։
Սիրտս թունդ ելավ, հոգիս այլայլվեց
Այս անակընկալ դյութական ձայնից,
եվ ողջ էությունս ասես թե թմրեց
Մի երանական քաղցր զգացումից։
Առաջ անցա ես, բայց անհամարձակ.
Մերձենալ նըրան ես չը իշխեցի.
Իբրև երկնային մի ոգու առաջ
Դողղողացող շրթամբ ձայն արձակեցի,
—«Ո՞վ ես դու, ասա, աստուծո կամոք
երկնքից իջած ոգի՞ կամ հրեշտա՞կ,
Որ մեկին սև մահ, մյուսին՝ կյանք պիտ տաս,
Թե՞ մեր աշխարհի մահացու զավակ…»։