Այս էջը հաստատված է

ես հոգվո հրատապ տենչանոք ցանկանում եմ քեզ տեսնել, քեզ լսել, քեզ շոշափել, ես կամենում եմ անթերի աչքերով նայել քո գեղեցիկ աչքերի վերա, հիանալ, հափշտակվել, ես կամենում եմ չոգել քո ոտքերի մոտ, համբուրել նրանց և փոքրիկ, անձայն շնչով շշնջալ— «Ոսկի, ես քեզ սիրում եմ, սիրում եմ անվերջ, հավիտյան...»։ Օհ, և թե այս սերը կրակ դառնա, նա մի ամբողջ դժոխք կհրդեհե... Բայց և այնպես, երբեք ես չեմ կարողացել նրան արտահայտելու, և ես քեզ շատ լավ եմ հասկանում, հոգյակս, մի տանջվիր այն վշտով, թե ինչու չես կարողանում արտահայտել այն ամենը, ինչ որ զգում և ինչով որ ապրում ես. այդ երբեք քեզ չի հաջողելու, ինչպես և ինձ չէ հաջողում, և գիտես ինչու, որովհետև ճշմարիտ սիրով սիրում ես, և զգացմունքներդ առաջ են վազում ավելի, քան որքան կարողացել է հառաջանալ մինչև այժմ քո մայրենի լեզուն։ Եթե դու սիրում չլինեիր և մտածեիր կեղծել, այն ժամանակ կտեսնեիր, թե ինչպես շատ բան ես կարողացել արտահայտել, որովհետև խոսածներդ ավելի կլինեին զգացմունքներիցդ, բայց որովհետև այժմ հոգվույդ խորքերումն ես զգում սիրո գոյությունը, ուստի որքան էլ շատ բան գրես, խոսես նրա մասին, միշտ քիչ կերևա նա քո աչքում։ Այս կարծես բնական սահմանն է սիրո և կեղծյաց։ Բայց և այնպես մեր վարմունքը անբնական է։ Չէ՞ որ մի տարուց ավելի է, որ մենք արդեն ամուսնացել ենք, ինչու չենք մի փոքր անտարբեր մնում, ինչու մեր վարմունքով ամոթապարտ ենք կացուցանում մեր դարու ամուսնական օրենքները... չէ որ այսքան ժամանակվա մեջ երկու ամուսինները մի տաս անգամ իրար հետ կռված ու խռոված պիտի լինեին, և նրանց յուրաքանչյուրը մի տասն անգամ պիտի անիծած լիներ ամուսնական միությունը... Բայց մենք ինչ ենք անում, տեր աստված, մենք դեռ նոր ենք իդեալներ դարձել միմյանց համար և մեր անդրանիկ սերը մոռացվել է վաղուց... Եվ իրավ, միթե մենք այն ժամանակ այսքան եռանդագին սիրով կարողանում էինք սիրել, կամ այսքան տոգորվում ենք փոխադարձ կարոտով... Օհ, ոչ, ես հավատում եմ, որ աստվածությունը հենց այդ հավիտենականության մեջ է ապրել, և երբ մարդիկ այն դժբախտ գիտակցությանը