տարակազմ է՝ որչափ և մարմինը, բայց և այնպես, ես ատելով ատում եմ նախանձը։ Ախար թե մեկը չէ սիրում ինձ, ինչու պետք է ես նրա սերը ուրանամ, կամ, եթե մի ուրիշը սիրում է իմ սիրած անձին, ինչու համար ես պիտի ստորացնեմ ինձ մինչև այն տեղը որ ինքս պաշտպանեմ նրան, փոխանակ, թույլ տալու, որ փորձությունը մոտենա իմ այդ սիրելվույն յուր բոլոր զենքերով, թե կհաղթահարվի այդ սիրելին, ուրեմն թող կորչե. նա արժանի չէ իմ սիրույն, թե կհաղթե, ես կխոնարհիմ նրա առաջ, նա իմ աստվածուհին է…
Զարմանալի մոլորություններ կան մարդիկների մեջ, ինչ զվարճություն է, չգիտեմ, պաշտել մի կուռք, որին ինքդ ես կռել քո մուրճով ու սալով. սիրել մի աղջկա, որի պարկեշտությունը պահպանել ես հրեղեն սրով կամ ստիպելով սովորեցրել ես, որ նա քեզ սիրե: Հազիր սիրեմ նրան, որ փորձության բովերի մեջից անցնում է անվնաս, առանց իմ օգնության, առանց իմ խորհրդին, և պաշտեմ այն աստծուն, որ ինքը յուր մեծությամբ ստիպում է ինձ երկրպագանել իրեն… Այս է իմ տեսությունը սիրո մասին, թող փիլիսոփաները տրամաբանեն, ինչպես որ կամենում են։ Եվ հույս ունեմ իմ այս տեսությունը դյուր կգա նույնիսկ իմ սիրուն Ոսկուն, որ յուր փոքրիկ սրտի մեջ միշտ թաքցրած ունի մի փոքրփկ նախանձ և ամեն անգամ արտահայտում է յուր անհամբեր և սիրազեղուն նամակների մեջ…
Տանջող անհանգստությունս մի փոքր մեղմելու համար նստել քեզ նամակ եմ գրում, բայց պիտի ծառայի սա մի նպատակի թե ոչ, չգիտեմ. ես սարսափում եմ մտածել անգամ… Եթե կարողանայիր միայն երևակայել իմ արդի դրությունը… երեք փաստ անցավ և ես նամակ չունեմ, առանց կանխավ պատճառի հետ ծանոթ լինելու… Ամսույս 11-ին նամակ եմ գրում քեզ և տենչանոք սպասում, որ մյուս օրը,