Այս անգամ տեսարանը ուրիշ էր:— Ես գալիս էի Շուշի, հենց այն ժամանակ, որ ֆայտոնով բարձրանում եմ Հաքվենց բախչի տակի զառիվայրով, տեսնում եմ երկու ֆուրգոնների նման սայլերի մեջ գալիս են Նիկոլայը, Մինիչը, Ավանեսը և մեր խալխից շատերը։ Ես կամենում եմ ֆայտոնը ֆուրգոնների մոտով քշել Նիկոլայի հետ համբուրվելու համար, բայց այդ ինձ չի հաջողում. մեկել, հանկարծ, ինձ տեսնում եմ Նիկոլայի ֆուրգոնում. ես սրտատրոփ հարցնում եմ նրանից, թե ինչո՞ւ Ոսկին նամակ չէ գրում, ո՞ւր է Ոսկին, ինչո՞ւ իրենց հետ չէ… Նիկոլայը առաջ ինձ չէ պատասխանում, հետո տեսնելով, որ ես անհանգստացնում եմ իրեն իմ հարցերով՝ ասում է— «Թող դեռ տուն հասնենք, հետո կասեմ…,», նա այնպիսի մի տխուր ձայնով ու եղանակով է ասում, որ ես իսկույն գուշակում եմ, որ քեզ հետ մի դժբախտություն է պատահել— «Ուր է Ոսկիս, ուր է Ոսկիս…», գոռում, գոռում եմ ես և սկսում գլուխս ծեծել… հանկարծ զարթնում եմ իմ ձայնից, քրտինքի մեջ ողողված, սրտատրոփ… Տեսնում եմ ես մինակ իմ սենյակում. արևի վերջին ճառագայթները ընկել են քո տուալետի վերա, և նրա երեսին դարսած ապակյա իրեղենները շողշողում են հազար ու մի գույներով… ես նայում եմ նրանց վերա. հոգիս թռչում է դեպի քեզ. տխուր պատկերները կրկին նկատվում են իմ աչքերի առաջ, և սկսում եմ դառնապես արտասվել… Հանկարծ միտս է ընկնում հետագիրը, ես շտապավ լվացվում եմ և դիմում կանտոր, հույս ունեմ, թե պատասխանը արդեն եկած կլինի, բայց չկա։ Ժամ յոթն էր. ես նստա այս նամակը գրելու. այժմ արդեն իննի կեսն է, բոլոր քաղաքը մթնել է, մթնել է և իմ շրջապատս, Քուռը յուր խուլ ձայնով մռնչում է պատուհանիս տակ. ձայնն էլ ինձ տխուր ու գուժաբեր է երևում… բայց դարձյալ ձեռագրիս պատասխանը չկա… ուր դիմեմ, ուր գնամ, ինչպես լուսացնեմ այս գիշերը…Աստված իմ, ղու ինձ կարողություն տուր, բայց ամենից առաջ դու գթացիր ինձ վերա, հեռացրու ինձանից ամեն չարիք, տխրություն… Ես նրանց տանել չեմ կարող… օհ, Ոսկի, Ոսկի, այս ինչ արիր դու քո Գրիգորին…
Էջ:Muratsan, vol. 7.djvu/270
Այս էջը հաստատված է