շնորհավորե քեզ Ոսկեհատ Անահտա սրբազան տոնը, այն զգաստության և պարկեշտության աստվածուհուն, որին անվանակցում և հոգեկցում ես դու... Ովքեր են այժմ շնորհավորում քեզ այդ տոնը, և քանի քանի են թվով նրանք, որոնք, ըմբռնում են այդ շնորհավորության նշանակությունը չգիտեմ։ Բայց ես շնորհավորում եմ քեզ տոնիդ տարեդաորձը՝ հենց այն խորհրդավոր նպատակով, որի համար հարգվել է նա հին դիցապաշտ հայերից։
Եթե մեր նախնիք Ոսկյամորն Անահտա մեջ պաշտում էին սերը, զգաստությունը և պարկեշտությունը, ապա ուրեմն չկա մի ավելի հարմար տոնախմբություն իմ գեղանի Ոսկեհատի համար, քան նույնիսկ յուր անվանակից աստվածուհվո Վարդավառը, որով մարդիկ (հինավուրց աշխարհին) սիրաժողով և վարդապսակ տոնում էին սիրո և պարկեշտության հաղթանակը...
Այսօր ես հոգվով և մարմնով դիցապաշտ եմ, որ իմ սրտի սեղանի վերա անշեջ վառվում է սիրո կրակը` վերնծայելով յուր աստվածուհվույն հիացման և հափշտակության զգացմունքները և դավանությունը...
Բայց ես բաժանում եմ այն հրատապ տենչանքը` աղքատ և անզոր բարեպաշտների, որոնք հեռու լինելով Աշտելատից, փափագում էին իրենց սիրելի աստվածուհվո Ոսկեձույլ պատկերին, սակայն անձեռնհաս լինելով սեփական աչքերով նրան տեսնելու, նրան դիցելու, նրանով հիանալու, բավականանում էին միայն մի քանի սրտաբուխ աղոթքներ մրմնջալով... և ապա նրանք երանում էին այն բախտավորներին, որոնք շրջում, պարում էին Աշտելատից տաճարի մեջ, Ոսկյածնի փառավոր արձանի առաջ… Եվ դու, իմ ամենազոր աստվածուհի, անշուշտ հասկանում ես քո երկրպագուի դիցաբանական զրույցները, այնպես չէ... Բայց դուրս գանք մի փոքր այդ մեհենական սրբավայրից…
Եվ այժմ մի տարիով վերադառնում եմ դեպի իմ մոտիկ և անմոռանալի անցյալը։ Հիշում եմ այն սիրելի օրը Մանգլիսում, երբ ես վաղ առավոտ անտառի մեջ Վանկայի օրնությամբ նոր սեղան էի վարում մեծ մայրենու տակ։ Հիշում եմ այն րոպեն, երբ ես վերադարձա տուն և քեզ կազմ