սպասիր, թե եկա լավ, թե չեկա, ուրեմն դու կգաս (թե ուրիշի վերա սիրահարված չես լինիլ)։ Գանձասարի համար որ հիշում ես, շատ գեղեցիկ անցյալ ես հիշեցնում ինձ, այսինքն, երբ Ոսկին` բառի բուն նշանակությամբ` դեռ Օլիմպոսի մեջ էր ապրում ինձ համար… Եթե գամ այդտեղ` այդ բանաստեղծական ցնորքը իրագործելու համար, այն ժամանակ պետք է, որ ես ուղղակի Գանձասար գնամ, իսկ դու Շուշուց գաս ինձ մոտ։ Ես կնստեմ ականակիր աղբյուրի մոտ, հովանավոր ծառերի տակ, և դու կելնես շամբուրի միջից… Ախ, ինչպես փափագում եմ վայելել այդ բանաստեղծական թատրոնը… Բայց ինչ, չէ որ մենք իրավունք չունենք ավելիին բաղձալ. մեր ունեցած այս դրությունն էլ արդեն շատերի նախանձը շարժում է։
— Շատ ուրախ եմ, որ Գուրգենիս համար այդքան լավ լուրեր ես գրում, ապրիս. դրա համար էլ մի հարյուր անգամ ավելի կհամբուրեմ քեզ. բայց զգույշ կաց, երեխային մի ծեծիլ, որ նա լաց լինի, թե չէ քեզ էլ ես կծեծեմ։
Կատինկի մասին գրածներդ ինձ վշտացրեց. զարմանալի մարդիկ են. այդ Բարաման դրանց գլուխը վերջ ի վերջո պիտի ուտի։ Գոնե գնան իրենց հին տանը ապրին էլի։ Եթե կարողանաք մեր տանը պառկեցնել Կատինկին, շատ լավ կլինի. բայց նախապաշարման արգելքները մեծ են, հազիվ դուք կարողանաք նրանց հաղթել։ Բայց ժամանակը երբ է, չես գրում։
Զառի բաջունց երեկույթը որ լավ է անցել ուրախ եմ.— հագվինք, որ այս ու այն հաշվով են կանչել քեզ, հոգս չէ բնավ.— Կ…թյուն թե մի անգամ է պատահել, վնաս չէ, մինչև երեքը ներելի, իսկ չորրորդին հասնելը ցավալի է… Գայանենց տանը, որ ամեն բան քեզ գոհություն է պատճառել, շատ ուրախ եմ. նո, Առաքելյանն էլ որ Մուրացանին չէ ճանաչել` շատ ցավում եմ. խնդրիր, որ իրենց ապտեկից մի քիչ մորֆիում ղրկե ինձ համար…
Այն հարսանիքի մասին էլ, որ գնացել եք, ես լսել էի Միխայել Յաֆիյանցից։ Երբ նրա նոր եկած օրը հարցրի` թե արդյոք քեզ տեսել է, ըստ որում նամակ չեմ ստանում, անհանգիստ եմ և այլն, նա ինձ միամտացրեց` որ քեզ հետ միասին