չես կարող։ Այ, երբ դու գաս, ես կփորձեմ մի ուրիշին սիրելու, բայց այնպես կանեմ, որ հավատաս. տեսնեմ թե այն ժամանակ ինչպես կվարվես դու ինձ հետ։
Բայց թե քեզ պատահի այդ բանը, այսինքն' դու մի ուրիշին սիրես, այն ժամանակ տես, թե ես ինչ հերոսությամբ և որքան բարձրից կարհամարհեմ քեզ… և մինչև անգամ մի վայրկյան չեմ վրդովվիլ: Չես հավատում հա. հապա թե քաջ ես' փորձիր։ Մենք սրա համար մինչև անգամ երեկ շատ վիճեցինք։ Նա ինձ ասում է, թե դու կընկճվես և կոչնչանաս, բայց ես ասում եմ, որ միայն իմ ներսում կողբամ իմ կորստի մեծությունը, իսկ արտաքուստ՝ ես կգարշեմ այն տեղից, որի ներկայացուցիչը դավաճանեց իմ սիրույն…: Էհ, դու ինչ կարծիք ունես այս փիլիսոփայությունների մասին, խոսիր տեսնեմ։ Երևի շատ կետերում դու ինձ հետ համաձայն չես, հապա գրիր որ կետերն են դրանք։ Բայց երևի դու այդ բոլորի համար գալուց ետ կխոսես։ Նա, a propos այժմ ձեր ուշանալու մի արգելառիթը վերանում է։ Ես որ ասում էի ուշանաք, գլխավորապես Կատինկի դարդն էի քաշում. այժմ խո փառք աստծո, Կատինկան ազատվեցավ. մի երկու շաբաթ երևի հարկավոր կլինի նրա շուրջը պտտել, իսկ այնուհետև ինչ ես կարծում, երբ կարող ես գալ. օգոստոս 20-ը լավ չէ. բայց գուցե ուրիշ հանգամանքներ էլ կան, որոնք ձեզ կպահեն այդտեղ, չգիտեմ, միայն գրիր, երբ եք վճռում գալու։ Մինչև հոգուս ամենավերջին թելերը ծարավել ու կարոտել եմ քեզ. այնքան եմ կարոտել, որ մինչև անգամ մեր պսակվիլը, միասին ապրիլը, միմյանց հետ խոսելը, վիճելը, ծիծաղելը ու կռվելը երազ է թվում ինձ։ Նիկոլայը ինչ է մտածում գալու համար ձեր նոր հյուրերը— Ալեքսանն ու Դանիելը շո՞ւտ պետք է գնան թե մինչև սեպտեմբեր կմնան. կամ երևի ձեզ հետ միասին կգան։
Ջերմաջերմ համբույրս իմ սիրասուն Գուրգենիկին։ Երևի նա ինքն էլ այժմ զգում է յուր հոյակապ մեծությունը Մոսունց նորածին թոռան մոտ։ Այս անգամ որովհետև բոլորին նամակ եմ գրել, ուրեմն քո ողջունելդ կմնա Ազյուն և Նիկոլային։