Այս էջը հաստատված է

նամակ գրելով և սակայն չեմ ասում այդ։ Այսպես իմա և քեզ։ Չէ որ դու էլ միշտ մի փոստը կուլ ես տալիս։ Ոչինչ, քեզ ներում եմ, դու պետք է ունեցած բոլոր ժամանակդ այնպիսի զվարճությանց համար դործ դնես, որոնց այլևս չես կարող ունենալ` երբ Թիֆլիս վերադառնաս։ Բացի այդ, Կատինկան էլ այժմ պառկած է և Գուրգենիկի հոգսն էլ քեզ վերա է։ Միով բանիվ ես քեզանից ավել չեմ սպասում, քան որքան գրում ես, թեպետ, այս էլ կա, որ դու այդտեղ ուրիշ շատ սիրելիներ ու ընկերներ էլ ունես, որոնք քեզ կզբաղեցնեն, իսկ ես այստեղ կատարյալ որբ եմ, և միայն քո նամակներն են ինձ մխիթարում։ Այսուամենայնիվ (շտապում եմ ավելացնել) ես տխուր կյանք չեմ վարում, կարող ես հանգիստ լինել։

Բայց պետք է ասեմ, որ դու ոչ մի օր այնքան ինձ չես զբաղեցնում ու հոգեպես զվարճացնում, ինչպես կիրակի օրերը։ Լուր օրերին հազար և մի ցավեր կամ գործեր գրավում են գրեթե բոլոր ուշք ու միտքս, իսկ կիրակին բոլորովին ազատ լինելով` կատարելապես նվիրվում եմ քեզ, և ահա ինչպես, դեռ շաբաթ երեկոյան մաքրում, սրբում եմ տուալետդ և նրա իրեղենները և ամբողջապես ծածկում նրան։ Առավոտը սկսում եմ հագուստ, կոշիկ, սեղաններ, աթոռներ և ամբողջ սենյակը մաքրել, որի հատակը սրբում եմ թաց տիլոյով, որով թե լավ մաքրվում է և թե փոշի չէ բարձրացնում, (մնացած սենյակներն ու կորրիտորը Մարիամն է սրբում)։ Հետո պատրաստում եմ թեյս կամ կաթը և ապա լվացվում։ Մի բաժակ թեյ եմ առնում դեռ չհագնված։ Հետո ածում եմ մյուս բաժակը և ապա սկսում հագնվիլ։ Երբ արդեն մաքուր լվացված, սանտրված և հագնված եմ լինում, այնպես որ կարող եմ մի բարեկամի մոտ այցելության գնալ, այն ժամանակ ջերմեռանդությամբ մոտենում եմ տուալետիդ, բանում եմ նրա ծածկոցը և երևում է քո պարկեշտ և լռակյաց կենդանագիրը, որին ես սիրով ողջունում եմ և ապա տուալետի վրայից վերցնելով՝ համբուրում եմ ջերմագին և սեղմում իմ կուրծքի վերա մի ամբողջ կես ժամ… Եվ այս բոլոր հանդեսը ես կատարում եմ անընդհատ երգելով, ես հանպատրաստից, բայց սիրազեղուն երգեր եմ հորինում քեզ վերա։ Եվ մինչև որ թնդանոթը չէ արձակվում, ես չեմ բաժանվում քեզանից։ Եվ երբ այսպես ես հագենում եմ