իրավունքով և ոչ մի ուրիշ հարգելի պատճառով, որովհետև, այդպիսով, դու գրկում ես ինձ իմ ամենագողտրիկ վայելչությունից… հասկացար ինձ։
Այսքան գրել ես կարևոր համարեցի, այսուհետև դու քո կամքը. թե ոչինչ հարգելի պատճառ չես գտնում իմ արտահայտած մտքերի հետ համաձայնվելու, այնպես գործիր, ինչպես քեզ հաճո է. որովհետև քո կամքդ էլ իմն է։ Իսկ, թե քեզանից անկախ պատճառները այնպես են դասավորվել, որ իմ կամքը կատարելու համար պետք է կռվես այդ պատճառների դեմ, իհարկե, այդ դեպքում, ավելորդ է կռվել. ինչ որ քեզանից չէ կախված, ես այն քեզանից չեմ պահանջիլ. ինչ որ քեզանից անկախ պատճառները՝ քեզանից անկախ էլ տնօրինեն իրենց գործը։
Այս այսպես։ Այժմ խնդրեմ քեզանից այն, ինչ որ կարող ես կատարել։ Ձեր դուրս գալիս օրը ինձ անպատճառ հեռագիր քաշիր. իսկ, թե հաստատ գիտես, թե որ օր եք դուրս գալու և այդ հաստատ գիտցածը չի փոխվիլ, կարող ես նամակով էլ հայտնել։ Կարծեմ այս նախավերջին նամակս կլինի կամ գուցե վերջին. այդ ձեր մտադրությունից է կախված։ Այժմ էլ գողտրիկ ցանկություններով և զգացմունքներով նամակները գրելու համար չէ, հիմա սկսվում է սիրո ճգնաժամը, ես տենդային անհանգստությամբ պիտի համրեմ օրերը և նրանց շուտ մթնելուն պիտի սպասեմ…
Ավետը որ գրում է, թե Գրիգորին նամակ եմ գրել, չի պատասխանել, սուտ է ասում․ նա մի անգամ մի նամակ է գրել, որը պատասխան էր իմ այն դրության, որով փող էի ղրկել, և գրում էր, թե ստացա և հանձնեցի նրան. ուրեմն պատասխանին պատասխանելու հարկ չկար։ Մյուսն էլ այն վերջինն էր, որով խնդրում էր Մարտանովի հետ տեսնվել, բայց ես սպասում եմ Մարտանովին՝ որ տեսնեմ և հետո պատասխան գրեմ, իսկ Մարտանովն դեռ չի երևում։ Ողջունիր իմ կողմից մամին, Կատինկին, քույրերիս և բոլոր հարցնողաց։ Կատինկան լավացել է արդեն, որ սկեսուրը ծիծաղում է. փառք աստծո. բայց ասա «փառքին» խփի։ Շատ անհանգիստ եմ, թե ձեր շեհերն ինչպես են կապելու, որ ճանապարհին յոխկա-չոխկա չդառնա. Նիկոլայը լավ կկապի,