ամուսնացյալների վեցամսյակը, նրանց անմեղ չարություններր և այլն և այլն… Բայց ղու արդեն պառավել ես… Ինչ է մնում ինձ անել, կարող ես գրել…
Երեկ ճաշից հետո միայնակ գնացի անտառ․ շատ հեռացա Կոջորից, և նստեցի հովանավոր ծառերի տակ, ինչ ասել կուզի որ ամբողջ չորս ժամվա մտածությանս առարկան դու էիր, ես այդ չորս ժամվա մեջ ապրեցի ճիշտ 16 տարի, այսինքն այն օրից սկսած, որ ես գիտակցաբար արդեն սիրում էի քեզ մինչև այն օրը, երբ ես այդ ամայության մեջ նստած մտածում էի քեզ վերա։ Եվ հաստատ կասեմ, որ այդ 16 տարվա մեջ ես մի վայրկյան անգամ ծերացած չգտի ինձ․ ընդհակառակը, զարմանում էի, թե` ինչպես կարողացի ես հեռացնել քեզ ինձանից ամբողջ մի երկու ամսով, ինքս ինձ նախատում էի և վերջապես երդվեցի, որ դա իմ վերջին հիմարությունը լինի։
Սակայն քեզ համար այսքան զգալի չի լինիլ ինձանից հեռի լինելդ, ես սկի չեմ էլ մեղադրում քո սառնությունը, որովհետև երեխաները մոտդ են, էլ ես ինչիդ եմ պետք, մինչդեռ ինձ համար այդպես չէ, ես քեզանից էլ եմ զուրկ, երեխաներից էլ․ և երբ այս վերջինները միտս են գալիս, սիրտս բոլորովին մորմոքում է․ ես զարմանում եմ, թե ինչու այս անգամ այսպես է. և պետք է ասել, որ ամենից ավելի Գուրգենի համար է սիրտս նեղանում, երբ հիշում եմ նրա խոսքերը, նրա չարությունները, նրա անհանգստությունը և, վերջապես, երբ երեկոյան գալուց նա ինձ տեսնելով վազում ճիտ ճիտ էր անում ինձ, կամ ձեռքս եղած թղթի պարկը առնելով «Այ, բուկի, այ, Հակուշ, բուկի» էր ասում, այս բոլորը այնքան են զգալ տալիս ինձ նրա բացակայությունը, որ երբեմն քեզ մոռանում եմ երեխայի պատճառով… Երբ քո նամակում մի քանի խոսք ես գրում նրա խոսածներից, ես շատ ուրախությամբ եմ կարգում նրանց և մինչև անգամ մի քանի անգամ։ Շատ հետաքրքրվում եմ, չգիտեմ հիմա ինչ բառեր է սովորել, բայց, որ ինձ այդպես շուտ մոռացել է, այդ մի փոքր վիրավորական է։ Ուզում եմ երեխայիս մի նամակ գրեմ, որ զգույշ կենա քո վերաբերությամբ և հսկե քեզ վերա,