պատկերացնե և իմ առաջ գրգռեցուցիչ տեսարաններ… տեսնեմ ես այն ամենը ինչ որ կարող է պատահել և ինչ որ գուցե... պատահում է... Օհ, աստված վկա ես գժվում եմ. մանավանդ, երբ զգում եմ կատարյալ անզորությունը եղած դրությունը քանդելու կամ գոնե իմ միջամտությամբ եղածը կամ լինելիքը… խանգարելու... հավատա… միայն դու ես մնում ինձ մխիթարիչ և սփոփող... բայց դու էլ ավելի չարժես ինձ համար՝ քան մի կմախք, որ մի օր պատկանում էր այս ինչ երևելիին... ինձ ինչ…
Նամակիս 3-րդ երեսը շարունակենք իբր չգրված, սկսենք մեր ընդհատված չոր ու ցամաք պատասխանները, որպեսզի մի փոքր խաղաղվելով, կարողանանք լավ բաներ էլ գրելու։
Տեղվույդ թխած և անթուխ ուտելիքների թանկության մասին ես գրում, շատ ցավում եմ, բայց օգնել չեմ կարող. մի փոքր էլ սպասիր, գուցե բանը դրստվի․ յուղի համար շատ մի շտապիր, հետո կգա, թե չի գալ էլի օրհնվի Թիֆլիսը, մենք բերել կտանք որտեղից որ հարկավոր է, միամիտ կաց։ — Բայց քանի մոռացած չեմ, գրեմ, նամակս ստանալուց ինձ համար մի պասպորտ առ 1 հարվան և ղրկիր, թագավորի գալու պատճառավ (որ կլինի մինչև սեպտեմբեր 25-ն շատ խիստ հարց ու փորձ են անում. նույնպես ծառաների կամ քոծերի համար, և այն մարդը, որ առանց անցագրի մարդ է պահում մոտ 300 ռ․ տուգանք է վճարում, ես անհանգիստ եմ մեր ծառայի մասին. նրա անցագրի ժամանակը լրանում է հուլիսի 24-ին, տեսնենք ինչպես ենք անում։ Ձեր ծառա չունենալու համար անհանգիստ եմ, չգիտեմ գտիք թե ոչ. թե ավելի կարևոր է քան այստեղ մեր ծառային ղրկեմ, ես հեշտ կերպ յոլա կերթամ։ Բայց վարենի մինչև այժմ չկարողացանք եփել, որովհետև սկզբներում բնավ միտս չեղավ, վերջերումս էլ կերաս չեկավ։ Էհ վնաս չունի, հարկավոր ժամանակը կարող ենք առնել, թե դու կարողացար հյունից կեփես, թե չկարողանաս և դարձյալ ոչինչ չենք կորցնիլ. փորձը ցույց է տալիս, որ մեր տանը յուրաքանչյուրից թե 5 ֆունտ էլ լինի բավական է, իսկ դրա համար փող կգտնենք ժամանակին։