մո՞տ է․ քանի՞ քայլ է քո տանից մինչև Կատինկենց տուն։ Մաման որտե՞ղ է մնում, Ազին որտեղ է։ Հարաբերությանց երկինքը ինչ գույն ունի, պարզ է, թե մթագնած, ամպեր ու փոթորիկ շուտ շուտ են հավաքվում․ և որ կողմից։ Շանթ և կայծակ դեռ չեն երևացել ոչ մի տեղ… Միով բանիվ այս բոլորից մանրամասն տեղեկություններ գրիր։ Գրիր, նույնպես ծառա վարձեցիր, թե ոչ, ինչպե՞ս է անցնում առհասարակ կերակրվելու մասդ։ Գուրգենի գույնը էլի սփրթնած է, թե կայտառացել է։
Գրիր Կատինկենց տան վերաբերությամբ տեղեկություններ. ինչպե՞ս է նրանց հարաբերության երկինքը… մռայլյալ և մթագնյալ ամպրոպացույց ճարճռությամբ փայլակա՞նց, թե քրքմագույն լուսող արշալույսին գեղավորյալ… Լավ միտս ընկավ՝ գալ անգամ քեզ գրաբառ եմ նամակ գրելու, եթե դու մինակ գլուխ չես հանիլ կարդալու և հասկանալու, Կատինկան էլ ճոնդերը վերա կգցի… որպես թե… Հա, Հովհաննեսի կնոջ հետ տեսնվեցա՞ր, ի՞նչ գաղափար կազմեցիր ընդհանրապես։ Սրանք բոլոր հարցեր են, առաջակում եմ, որ գալ անգամ պատասխանես, կամ ուրիշ կերպ ասած՝ քեզ նամակ գրելու նյութ եմ տալիս, որ չասես թե «ինչ գրեմ ես ամեն փոստ»։
Բոլորին շատ շատ բարև։ Շանտղա ծառաս եղիս ախրին նստել է, օրս սև է դառել, չգիտեմ ինչ կդառնա․ իմ ճարս, թե կարող ես մի անուն դիր։ Թագավորի գալը ինչպես երևում է նշաններից սեպտեմբերից առաջ է լինելու, այսինքն՝ օգոստոսին․ ճիշտ ժամանակը չեն հայտնում։ Կարող է պատահել, որ ես էլ ղրկվեմ նրան տեսնելու, այսինքն՝ թե օգոստոս 15-ին գալու լինեմ Շուշի։
Ավետից նամակ ունիմ․ առողջ է, միամիտ կացեք․ 50 պուդ մտանլաս էր ուզել, ճանապարհեցի գնաց՝ ամսույս 9-ին։