որ ինձ առաջարկում է գնալ Կոջոր, խո նրա համար չէ առաջարկում, որ ես շատ հիվանդ եմ, ինչպես դու ես կարծել, այլ նրա համար, որ տեսել է, թե ես որոշել եմ անպատճառ Շուշի գալ. ուզում չէ, որ ես հեռանամ Թիֆլիսի շրջագաներից։ Նա չէ՞ որ շարունակ յուր օգուտների վերա է մտածում։
Հայկանուշի թղթերը այսօր ղրկեցի Ավետին։ Նիկոլայը այսօր այստեղ էր, վաղը էլի գնում է Ախլքալաք, իսկ երկու կամ երեք օրից ետ կգա Եվլախ: Վառինկից հարցրի, ասում է, որ շատ լավ է։ Նույնպես երեխան… Խասը կբերեմ, Ազյուն ասա միամիտ կաց։
Առաջիկա կիրակի պետք է Գորիս լինեմ, որ գնամ Ձևերա, որպեսզի պրիստավը հողերը հանձնե ինձ հրապարակավ։ Ամեն բան վերջացած է, մանրամասնությունները վերադառնալուց կգրեմ, կամ կգամ կպատմեմ։ Վարդավառ օրը—քո տոնի օրը ես գնում եմ մեր կալվածքը ստանալու, կարծեմ շատ լավ նշան է սա… Այսօր շատ կարճ եմ գրում. հիշիր: Հազար համբույր շրթանցդ և երեխաներիս։
Սիրեցյալդ իմ.
Երեկ միայն այս ժամանակ ստացա նամակդ և այս ժամանակ էլ պատասխան էի գրում քեզ։ Այսօր էլ մի քանի խոսք ավելացնեմ և փակեմ ծրարդ։ Հենց այս րոպեին մի անգամ էլ կարդացի նամակդ (սա 3-րդ անգամն է) և վերջումը տեսա մի ուրիշ բան էլ, որ երեկ չէի նկատել։ Խոսքերիցդ այնպես է երևում, որ լավ կլիներ, թե այն նամակս չստանայիր, որովհետև ասում ես, «Առավոտից մի տասին խնդրել եմ, որ նամակդ բերեն, ես սաստիկ ծարաված քեզ լսելու, սրտատրոփ սպասում եմ նրան, հուսալով շատ բաներ կարդալ նրա մեջ, բայց, հենց որ վերջացրի՝ ձեռք ու ոտքերս թուլացան… և ուրախանալու փոխարեն մինչև անգամ տխրեցի…»։ Եվ հետո աստուծո ողորմությունը հասնում